image

Բանաստեղծների գլուխներ՝ փակցված կոնյակի շշերի վրա...

Բանաստեղծների գլուխներ՝ փակցված կոնյակի շշերի վրա...

Բանաստեղծ, արձակագիր՝ Նուշիկ Միքայելյանն գրում է՝

Ես տեսել եմ բանաստեղծների գլուխներ՝ փակցված կոնյակի շշերի վրա... 

Տեսել եմ Քրիստոսի ենթադրյալ կապուտաչյա, ենթադրյալ շեկ ու երկար մազերով, շեկ մորուքով հայտնի դիմանկարի պատճենը՝ խրված ինչ-որ հավատացյալի ծննդյան տարեդարձի շոկոլադե կրեմով օծված կարկանդակի գագաթին... 

Ես տեսել եմ սովից մահացած հանճարների անուններ կրող շքեղ ռեստորաններ, որտեղ ճոխ սեղանների շուրջ մարդիկ խոսում են ամե՛ն ինչից՝ բացի հանճարից... 

Տեսել եմ Աստվածային կատակերգության պոկված էջերով պատրաստված թղթե կոներ՝ լեցուն արեւածաղկի վաճառվող սերմերով...

Ես տեսել եմ, թե ինչպե՛ս է էժանանում թանկը՝ մարդկային հավաքական հայացքի դեմ նետված էժանագին գովազդներով, և ինչպե՛ս է թանկանում էժանը՝ պատվանդաններին բարձրացված նույն գովազդների միջոցով... Եվ տեսել եմ համամարդուն՝ գովազդված «թանկի» առջև՝ մինչև ոտքերի ծայրերը խոնարհած գլխով... 

...Եվ հետո, տեսել եմ պատերազմներ, հաղթող ու պարտվող առաջնորդներ, և այդ նո՛ւյն խոնարհ գլուխները՝ գոլֆի գնդակների նման շարված աշխարհի բոլո՛ր սահմանների այս և այն կողմերում... 

Կյանքն ան-էական ու հանգիստ ապրելու համամարդու ճանապարհը ամե՛ն քայլափոխի տարածված գովազդներին հետևելն է... 

Մարդը հավատում է և երկրպագում այն ամենը, ինչը շատ և թա՛նկ է գովազդվում... Հիշեք ծխախոտը... Ժամանակին ծխախոտի գովազդն աշխարհի ամենաթանկարժեք պաստառների վրա էր, ամենադիտվող կինոներում՝ ձիու վրա հեծած շատ համակրելի և առնական տեսքով կովբոյի (կովարածի) շուրթերին... Հետո, տարիներ անց, կովարածը մնաց անցյալում և աշխարհի ամենաթանկարժեք պաստառների վրա բարձրացավ բոլորին հայտնի այդ գովազդի ճի՛շտ հակառակ գովազդը՝ «Ծխելն սպանում է» սարսափազդու վերնագրով... Եվ համամարդը հավատաց թե՛ մեկին, թե՛ մյուսին... Ծխեց ու չծխեց... Հավատալով ծխելու գրավչությանը, հետո՝ նույնքան հավատալով ծխելու վտանգին... 

Գովի՛ր քաոսը և մարդը կտրվի քաոսին... Գովի՛ր փողը և մարդը խելակորույս կվազի փողի ետևից... Գովի՛ր պատերազմը հաղթանակի տեսլականով, և մարդն իր կյա՛նքը կտա... Գովի՛ր առնետի մսով պատրաստված ուտեստը և մարդը կուտի՛... Գովազդի՛ր ի՜նչ ուզես և համամարդն իր առանցքը կշեղի՝ պտտվելով գովազդված իրի, ուսմունքի, մարդու կամ երևույթի շուրջ, անգիտորեն շեղվելով իր այն բնական, ոգեղեն, զգացական կորիզից, որը երբևէ չի արժանացել եւ ո՛չ մի համաշխարհային գովազդային քարոզարշավի ։ 

Բոլոր ժամանակների բոլո՛ր աստվածների, հանճարների, ուսմունքների, հերոսների, արքաների հազարամյա գովազդներն արդեն իջեցվել են պաստառ-պատվանդաններից և մեր դարի ամենաթանկարժեք պաստառների վրա հիմա՝ քաոսի անսեռ-անտեսակ, անսեր-անհոգի դեմքն է ցուցադրվում... 

Համամարդը նախ հակակրում է, հետո՝ վարժվում տեսնել քաոսի դեմքը, հետո սկսում է ընտելանալ, հետո համակրել, հետո՝ կյանքը չպատկերացնել առանց դրա... 

Համամարդուն հաղթանակներ չե՛ն տրվելու, քանի դեռ նրա հավաքական միտքը հավատում և ենթարկվում է պաստառներին փակցված բոլոր տեսակի «աստվածներին»... 

Երբ մարդը կդադարի վազել իրենից դուրս՝ գտնելու այն, ինչն ամենաարժանին է մարդու հավատին, համամարդու ներսում կբացվեն աչքեր, որոնք առաջի՛ն անգամ կծառայեն իրենց բուն նպատակին... Եվ մարդը՝ կտեսնի՛։