image

Եղեռնի զոհերի հիշատակն առաջին անգամ ոչ թե Պոլսում, այլ՝ Սիրիայում է նշվել

Եղեռնի զոհերի հիշատակն առաջին անգամ ոչ թե Պոլսում, այլ՝ Սիրիայում է նշվել

Ապրիլի 24-ը իբրև հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշելու ավանդույթի սկիզբը ընդունված է համարել 1919 թվականը, երբ   Պոլսում ցեղասպանությունը վերապրած մի խումբ արևմտահայ մտավորականներ ստեղծում են «Ապրիլի 11-ի հանձնախումբ», որը պետք է նշեր եղեռնի չորրորդ տարելիցը և այդ առթիվ կազմակերպեր սգահանդես: Ապրիլի 11-ը պատահական չէր ընտրվել: 1915-ի ապրիլին, երբ ձերբակալում են Պոլսի մտավորականությանը, դեռևս հին տոմարն էր գործում, և այսօր ամրագրված ապրիլի 24-ը այն ժամանակվա տոմարով ապրիլի 11-ն էր:

Այդ տարիների պոլսահայ մամուլից («Ժամանակ»,  «Ճակատամարտ, «Վերջին լուր») տեղեկանում ենք, որ սգահանդեսը տեղի է ունենում 1919թ-ին՝ հին տոմարով ապրիլի 12-ին, նոր տոմարով ապրիլի 25-ին՝ պատրիարքի վատառողջ լինելու պատճառով որոշված օրվանից մեկ օր հետ:  Այդ օրը Պոլսի Բերա թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ, որը վարում է Մեսրոպ եպիսկոպոս Նարոյանը: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Եղիայանը, քարոզ է ունենում, որում մասնավորապես ասում է. «Բոլոր այն նահատակները ցորենի հատիկներ են, հողին մեջ ծածկւած, պիտի ծլին, բազում արդիւնք յառաջ պիտի բերեն...»: Այդպես է ամրագրվել ապրիլի 24-ը իբրև հիշատակի օր:

 

Սակայն, ինչպես տեղեկանում ենք պատմաբան, ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի հոդվածից, (Ցեղասպանագիտական հանդես 6, 2018)  հայոց ցեղասպանության զոհերին նվիրված առաջին ոգեկոչումները՝ սգահանդեսների տեսքով, հայ իրականության մեջ  ավելի վաղ են եղել. Մարությանը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա սկզբնավորման մասին իր հոդվածում գրում է. 


«Այսպես՝ 1918 թ. հոկտեմբերի 28-ին Դամասկոսի առաջնորդանիստ վանքում արաբական իշխանության ներկայացուցիչների (կուսակալ և ոստիկանապետ) գիտությամբ և կուսակալի ներկայությամբ, հունաց պատրիարքի, անգլիացի և ֆրանսիացի սպաների, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մասնակցությամբ, տեղի են ունենում ազգային սգահանդես «վասն հոգւոց նահատակաց» և հոգեհանգստի կարգ։ Դրանից հետո 4-5 հազ. հայությունը հանդիսավոր թափորով գնում է գերեզմանատուն, որտեղ հնչում են վեց-յոթ ելույթներ։ 1919 թ. հունվարի 20-ին ազգային իշխանությունները «ի յիշատակ Ազգ. Նահատակեալներու և Արի Մարտիրոսացեալներու հոգւոյն ի հանգիստ» կազմակերպում են «ընդհանուր նահատակաց» սգահանդես Հալեպում՝ քաղաքում և շրջակայքում հավաքված տասնյակ հազարավոր տարագիրների մասնակցությամբ։ Նախ՝«ծովածաւալ թափօր մը խիստ կարգապահութեամբ» Քառասուն Մանկանց եկեղեցուց ճանապարհ է ընկնում դեպի հայկական գերեզմանատուն։ Բնութագրական էր թափորի կառուցվածքը. այն առաջնորդում էին Հայկական լեգեոնի ավելի քան երեք տասնյակ մարտիկներ՝ հայկական և արաբական դրոշներով, «հայ եռագոյն դրոշակը կը կրէր Արեւելեան Լէգէոնի յիսնապետ Պ. Եդուարդ Կիւլպէնկեան»։ Տիգրանակերտցիների նորակազմ նվագախումբը կատարում էր Շոպենի մահերգը, գավառների ներկայացուցիչները մասնակցում էին առանձին խմբերով. ծաղկեպսակներ կային կարինցիների, եդեսացիների, տիգրանակերտցիների, խարբերդցիների կողմից, ինչպես նաև «ընդհ. Հայութեան կողմէ»։ Ծաղկեպսակներով իրենց ներկայությունն էին հավաստում հայ կաթոլիկ և բողոքական համայնքները, հնչակյանները, ռամկավարները, դաշնակցականները, գաղթականների հանձնաժողովը, տիկնանց միությունը, Հալեպի հասարակությունը։ Թափորին մասնակցում էին սպիտակազգեստ օրիորդների և սևազգեստ այրիների խմբեր. վերջիններս տանում էին «սև շղարշով դրօշ մը որուն վրայ գրուած էր «Արցունք չունինք Ձեր յիշատակին, Մատաղ մեր հոգին»։ Թափորում ներկա էին նաև «զանազան զուարթ գոյներով հագնուած կիներու և աղջիկներու դասը, որ ցեղին կենսունակութիւնը ցոյց կուտար»։ Թափորին «ամբողջ երկայնքին, երկու կողմը կերթային որբերն ու այրիները, Ազգին այսօրւան և ապագայ ցաւերն ու յոյսերը միանգամայն...», «Ճամբան երգեցիկ խումբի կողմէ երգուեցան «թէ հայրենեաց պսակադիր», «… Լռեց ամպերը», «Ազատութեան սիրոյն համար» երգերը»։ Թափորը եզրափակում էր Ֆռնուզի վանահայր, Զեյթունի 1895 թ.ինքնապաշտպանության ղեկավարներից Բարդուղիմեոս վարդապետը , ով առաջինն է խոսք ասում գերեզմանատանը և «սգակիրներու աչքերէն արիւն արցունք կը հոսէր։ Լացինք բոլորս...»։ Այստեղ հնչում են նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված շուրջ մեկ տասնյակ ելույթներ, արտասանություններ։ Սգահանդեսի ավարտին Բարդուղիմեոս վարդապետը «կարծես երիտասարդացած, կորովի ձայնով մը օրհնեց իր գլխուն վրայ ծածանող և հայ յիսնապետի մը վեր բռնած Հայկական դրօշը և աչքերուն քսեց զայն, որուն հետևեցան շատեր։ Հայկական դրօշակը ամէնուն զմայլանքին և պաշտումին առարկայ դարձաւ»։

 

Ցերեկը սգահանդեսը շարունակվում է եկեղեցու սրահում՝ բարձրաստիճան զինվորականների, զանազան պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների, հյուպատոսների, օտարազգի կղերական պետերի, լրագրողների մասնակցությամբ և այլն, Բարդուղիմեոս վարդապետի ղեկավարությամբ։ Հնչում են ցավակցական խոսքեր, հարգվում է նահատակների հիշատակը։ Ինչպես վկայում է ականատեսը. «հիւրերը և ներկայ ազգայիններ մեկնեցան խիստ գոհ տպաւորութեան տակ։ Սոյն սգահանդէսը, օտարներուն գնահատումը ոգի և կարեկցութիւն ներշնչեց, իսկ ազգայիններուն ինքնամփոփումի անհրաժեշտութիւնը զգացուց զօրեղապես»։ Մեկ այլ ժամանակակցի գնահատմամբ. «Յունվար 20-ին Հալէպի հայութիւնը ապրեցաւ յաւետ յիշատակելի պատմական օր մը։ Կարծես ամբողջ հայութեան սիրտն էր, որ կը բաբախէր սուգի և յուսադրանքի խառն զգացումներով։ Չորս տարիէ ի վեր լուռ մխացող հոգիներ, աղիտահար հայորդիք անասելի կտտանքներէ խշխշացող սրտեր ահա վերջապէս գէթ մի օր ըմպեցին մխիթարութեան և սփոփանքի կաթումները։ Հալէպ քաղաքը իր դարաւոր կէանքին մէջ չէր պարզած մի այնքան վեհաշուք տեսարան, որ իր հրաշալի հանդիսութեամբ ամէնուն սրտին խորքը յուզէր ազնուագոյն և վեհիմաստ զգացումներ…» ։

 

1919 թ. մայիսի 25-ին սգահանդես է տեղի ունենում Միջին Արևելքի մեկ այլ հայաշատ քաղաքում՝ Բաղդադում՝ Թարգմանչաց վարժարանի սրահում։ Այն նվիրվում է ոչ միայն Եղեռնի նահատակների, այլ նաև պատերազմի տարիներին ռազմաճակատներում զոհված զինվորների հիշատակին: Հանդեսը նախագահում են հայ կղերականներ, բեմից ներկաներին է դիմում հայ որբ տղա, որը «յիշեցուց ժողովրդին՝ երբէք չմոռնալ թրքական կատարածները»։ Բանախոսություններից զատ կատարվում են սգերգեր. շատերը հուզվում են:


Լուսանկարում՝  Հալեպի անապատներից հավաքված մի խումբ որբեր. Միհրան Մինասյանի լուսանկարների հավաքածուից