Իսթանպուլում գործող Հրանդ Դինք անունը կրող վարժարանի մշակ, լրագրող՝ Լիլիթ Պողոսյեանի գրառումը
Դինքի սպանությունից 16 տարի է անցել. 16 տարի շարունակ արդարություն պահանջող ձայնը չլռեց։ Դինքը Թուրքիայում դարձավ ազատ և ժողովրդավար երկիր ունենալու մեծ երազանքի խորհրդանիշը՝ իր մահով արթնություն բերելով 1915 թվականի սև գործի մասին այստեղ լռողներից շատերի կյանքում։
Դինքն ուզում էր, որ նույն հող ու ջրի, միմյանց հետ նույն հացը կիսող, կողք կողքի ապրող հայ և թուրք ժողովուրդներն առերեսվեն ճշմարտությանն ու միասնաբար գտնեն դեպի հաշտություն տանող ճանապարհը։
Դինքը սխալվե՞ց, Դինքի գաղափարը պարտվե՞ց ոճրագործին։ Իհարկե, ո՛չ, ճիշտ հակառակը՝ իր սպանությունն է՛լ ավելի ընդգծեց այն, ինչը ժխտվում է։ Դինքը, դառնալով Թուրքիայում տասնամյակներ շարունակ խեղդված ու այլևս այդ մթնոլորտին հարմարված հայերի ձայնը, նույն հայերին օրինակ ծառայեց, որ եթե ուզում ես հաշտության և արժանավայել խաղաղության հասնել, ապա այն միմիայն կտրվի արդարության հաստատման պայքարի ճանապարհով։
Նրա՝ օրը ցերեկով, իր իսկ հիմնադրած թերթի խմբագրության առջև սպանությունը ոչ այլ ինչ էր, քան փորձ՝ խեղդելու 1915 թվականի ոճիրը բարձրաձայնող ձայնը։ Թուրքիայում պետության կոկորդը շղթայող այդ ձայները հատկապես վերջին տարիներին պարբերաբար լռեցվում են։
Հրանտ Դինքը մեզ հետ է, նա այսօր էլ խոսում է, վշտանում հայ ժողովրդի նորօրյա Գողգոթայի համար։ Հիմա մենք ավելի ծանր շրջանի մեջ ենք. մեր հայրենիքը կանգնած է լուրջ մարտահրավերների և ճակատագրական սխալների հետևանքների առաջ։
Ո՞ւր է գնում մեր նավը, չգիտե՛մ, բայց մի բան հաստատ է, որ այլևս միաբանությունից և սթափվելուց բացի զորեղ ուրիշ փրկության ճանապարհ չունենք։ Փառք ու խոնարհում Դինքին ու բոլոր նրանց, ովքեր սեփական անձը, սեփական շահը երբեք հայրենիքից բարձր չդասեցին։ Մի՞թե նոր սերունդն էր, որ պիտի վճարեր մեր թմբիրի, մեր անտարբերության համար։ Հավատում եմ, որ սև մղձավանջը մի օր կավարտվի, եթե միասնաբար լույսը գտնենք։