image

Դեբեդ գետի վարարման հետեւանքով քանդուած են ճանապարհներ, կամուրջներ․ կան զոհեր

Դեբեդ գետի վարարման հետեւանքով քանդուած են ճանապարհներ, կամուրջներ․ կան զոհեր

Դեբեդ գետի վարարման հետեւանքով Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31-րդ քմ-ը հեղեղուած է եւ մօտ 50 մ երկարութեամբ հատուածը փլուզած, կը տեղեկացնէ Ներքին գործոց նախարարութիւնը։

«Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցուել են մի շարք տներ, Շնող գիւղից դէպի Թեղուտ հատուածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տուեալներով կայ 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակուել է 1 բեռնատար (ամբողջութեամբ ջրի մէջ, խցիկի վրայ 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցուած տներ եւ անասնագոմեր: Նախնական տուեալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակւում են»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ։

Նախարարութենէն յայտնած են, որ ժամը 08։00-ի դրութեամբ՝ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրայ գտնուող կամուրջը քանդուած է։ Բնակավայրը ջրածածկուած է։ Իսկ Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրայ գտնուող կամուրջը ջրածածկուած է։

«Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանեան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին եւ Մ6 ճանապարհի գերեզմանների հատուածում ճանապարհը ամբողջութեամբ ջրածածկուած է, նկատելի են ամբողջական փլուզուած տեղամասեր։ Ամբողջութեամբ քանդուել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։ Շնող-Թեղուտ հատուածում գետի վարարման հետեւանքով ճանապարհն ամբողջութեամբ քանդուել է։ Նախնական տուեալներով Մ6-Թեղուտ հատուածում գետում առկայ է ավտոմեքենայ որում կայ քաղաքացի։ Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ աւան հատուածում, ճանապարհը ամբողջութեամբ փլուզուել է մի քանի հատուածներում։ Տուեալ հատուածում 3 ավտոմեքենայ արգելափակուած է։ Ձորագետ աւանի 70 բնակիչ տարհանուել են անվտանգ տարածք»,- նշուած է հաղորդագրութեան մէջ։

Դէպքի վայրին մէջ աշխատանքներ կ՚իրականացնեն 30 մարտական հաշուարկ, 324 փրկարար ծառայողներ։