Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացի տոնը՝ տաղավար հինգերորդ եւ վերջին տոնը:
Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
Խաչվերացի տոնը մեզ համար նախեւառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Խաչը դարձավ երկնքի եւ երկրի միջեւ եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։
Գիշերը կատարվում է հսկում, Սրբությունը դնում են սուրբ Սեղանին։ Քահանաները զգեստավորված գալիս են ատյան եւ երգում «Որ զանարատ բազուկս Քո» շարականը։ Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ»։ Ապա Խաչով եւ Ավետարանով թափոր են կազմում։