image

Առողջապահական նոր տեխնոլոգիաներ Հայաստանում․ ներդրվում են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը


Առողջապահական նոր տեխնոլոգիաներ Հայաստանում․ ներդրվում են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը


Հայաստանում կազմակերպված բժշկական համայնքին են ներկայացվել ուռուցքաբանության և վերականգնողական բժշկության ոլորտի երկու ժամանակակից լուծումներ՝ ֆոտոբիոմոդուլյացիոն թերապևտիկ սարքավորումը և TeleMed թվային հավելվածը։


Միջոցառումը կազմակերպել էր «Մեդ Քեյր Արմենիա» ընկերությունը՝ նպատակ ունենալով տեղական առողջապահական համակարգում ներդնել միջազգային առաջատար փորձը։ Հանդիպմանը մասնակցել են տեղացի ուռուցքաբաններ, քիմիաթերապևտներ և ոլորտի այլ մասնագետներ։

TeleMed հավելվածը հնարավորություն է տալիս պացիենտներին և բժիշկներին հեռավար կարգով ստանալ անկախ մասնագիտական երկրորդ կարծիք արտասահմանյան առաջնակարգ կենտրոններից։

Ինչպես նշեց բժիշկ Համպիկ Ռաֆայել Կուրիէն, համակարգն ընդգրկում է ոչ միայն ուռուցքաբանական, այլև բժշկական բարդ այլ դեպքեր եւ ունի լայն աշխարհագրություն․ հարթակում ներգրավված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի և եվրոպական այլ երկրների առաջատար մասնագետներ։ Նշվեց, որ սա նաեւ պարզ գործընթաց է. պացիենտը կամ նրա բժիշկը հարթակում տեղադրում են անհրաժեշտ հետազոտությունների արդյունքներն ու բժշկական փաստաթղթերը, որից հետո արտասահմանյան փորձագետները տրամադրում են իրենց եզրակացությունն ու բուժման առաջարկվող տարբերակները։

Մյուս նորամուծությունը՝ ֆոտոբիոմոդուլյացիան, Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Այն նախատեսված է ճառագայթային, քիմիաթերապիայի և իմունոթերապիայի հետևանքով առաջացող տոքսիկությունն ու կողմնակի ազդեցությունները կանխարգելելու և բուժելու համար։

Բժիշկ Ֆուադ Կերբաժի ներկայացմամբ՝ թերապիան ունի մի շարք առանցքային առավելություններ․

Անվտանգություն․ ընթացակարգն իրականացվում է ախտահարված հատվածի վրա կարմիր և ինֆրակարմիր լույսի ազդեցությամբ և չունի կողմնակի ազդեցություններ։


Հստակ ժամանակացույց․ մեկ սեանսը տևում է 5-15 րոպե՝ կախված տոքսիկության աստիճանից։ Բուժման курսը միջինում տևում է 4-6 շաբաթ՝ շաբաթական 3 սեանս հաճախականությամբ։

Բարձր արդյունավետություն․ հետազոտությունները ցույց են տալիս շուրջ 60% բարելավում ցավի կառավարման, վերքերի լավացման, հակաբորբոքային ազդեցության և տոքսիկության նվազեցման ուղղությամբ։

Բուժման անընդհատություն․ թերապիան թույլ է տալիս խուսափել դեղաչափերի նվազեցումից կամ բուժման ընդհատումից՝ հնարավորություն տալով պացիենտին անցնել քաղցկեղի բուժման ամբողջական կուրսը։

Ֆոտոբիոմոդուլյացիան, ուռուցքաբանությունից զատ, լայնորեն կիրառվում է նաև գինեկոլոգիայի, օրթոպեդիայի և ատամնաբուժության ոլորտներում։

 

Լուրը՝ «Արմենբրես»էն