image

Արարատը Փրկելու Է Շվաբներին, Բավարացիներին Եւ Նրան Ապավինող Բոլոր Գերմանացիներին. Ազատ Օրդուխանյան

Արարատը Փրկելու  Է  Շվաբներին, Բավարացիներին  Եւ Նրան Ապավինող  Բոլոր Գերմանացիներին. Ազատ Օրդուխանյան

2015 թվականը Գերմանիայի Հայ ակադեմիականների միություն 1860 կազմակերպության համար ընթացավ «2015թվական. Հայկական նոր գարուն» նշանաբանի տակ, որը հաջորդեց «Հայկական մշակութային աշուն-2014թ» չորսամսյա ձեռնարկների շարքին: 2015-ի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին համագործակցելով Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Սփյուռքի նախարարության Եվրոպայի բաժնի, Եղեգնաձորի և Բոխումի քաղաքապետարանների, ինչպես նաև ՀՀ Գյուղատնտեսության ու Բնապահպանության նախարարությունների հետ, հիմնվեցին հայ-գերմանական բարեկամության 3 այգիներ Երևանում, Եղեգնաձորում և կազմակերպության նստավայր Բոխում քաղաքում, տեղի ունեցան բազմաբնույթ մշակութային ձեռնարկներ:

Displaying 11.Krönung Levon I in Tarsus, 1198.jpg

Displaying 11.Krönung Levon I in Tarsus, 1198.jpg

ՏարDisplaying 11.Krönung Levon I in Tarsus, 1198.jpgվա մշակութային ծրագրի շրջանակներում 2015-ի սեպտեմբերի 12-ին Բոխումի Ժողովրդական բարձրագույն դպրոցում տողերիս հեղինակը քաղաքի գրողների միության խոսնակ տիկին Հայդե Ռիքի ուղեկցությամբ, ով նշանակալի ներդրում ունեցավ վերոհիշյալ ծրագրերի կազմակերպման ու անցկացման գործում, կարդաց երկու մասից բաղկացած դասախոսություն` «Հայերը Գերմանիայում և բարեկամության այգիները Արևելքը կապում են Արևմուտքի հետ, Երևանը Բոխումի հետ» թեմայով: «2015թվական. Հայկական նոր գանուն» ծրագրը, որը դեռ պետք է շարունակվի այս և հաջորդ տարիներին, նախատեսում էր նաև սույն դասախոսության շարունակություն: Այն կազմակերպվեց 2016թ. մարտի 12-ին, նույն դահլիճում, «Գերմանացիները Հայաստանի պատմության մեջ և մշակույթում» թեմայով: Այս նյութը մեծ հետաքրքրություն առաջացրեց քաղաքի մտավորական շրջանակներում: Բավական է ասել, որ Գերմանիայի տպաքանակով ամենամեծ շրջանային օրաթերթը` Westdeutsche Allgemeine Zeitung (WAZ) –ը, որը հրատարակվում է Ռուրի շրջանում, ուր գտնվում է նաև Բոխում համալսարանական քաղաքը, երեք անգամ անդրադարձավ դասախոսության երեկոյին, կարևորեց թեման ու ձեռնարկը:

Հիրավի զարմանալի է մնում այն փաստը, որ ո´չ հայագիտությունը և ո´չ էլ գերմանական սփյուռքագիտությունը «Գերմանացիները Հայաստանում» թեմայի վերաբերյալ չեն տվել որևէ գիտական մենագրություն, թեկուզ նույնիսկ ընդհանուր ակնարկային ամբողջական ուսումնասիրություն:

Մարտի 12-ի դասախոսությունը Բոխումում կազմված էր երեք մասերից: Առաջինում խոսվեց Կիլիկյան Հայաստանում գերմանացիների հաստատվելու, նրանց կողմից և Կիլիկիայի հայոց թագավորների աջակցությամբ այնտեղ հիմնված հոգևորասպետական մաբանությունների, Ֆրիդրիխ Բարբարոսայի և Լևոն 2-րդ իշխանի փոխհարաբերությունների, կիլիկյան Կալիկադոս գետում Բարբարոսայի խեղդվելու ու Տարսոնի մայր տաճարում նրա սրտի ու մարմնի այլ մասերի հողարկավորման, Մայնցի կարդինալ Կոնրադ Վիթելսբախի կողմից Լևոնին թագադրելու և հայ-գերմանական միջնադարյան փոխհարաբերությունների բազմաթիվ այլ ուշագրավ դրվագների մասին:

Դասախոսության երկրորդ մասը նվիրված էր 1816 թվականից սկսված դեպի Արարատ գերմանացիների զանգվածային գաղթին ու կովկասյան տարբեր շրջաններում, ինչպես նաև Կարսի մարզում նրանց հաստատման խնդիրներին: Այս թեմայի մասին տեղեկությունները քաղված էին հատկապես հայր և որդի Ալեքսանդր և Ռուդոլֆ Յասկորսկիների «Շվաբները Մերձսևծովյան ավազանում և Կովկասում» գրքից (Էդիթ պրինտ, Երևան 2003): Լինելով խորը հավատացյալներ, հատկապես Գերմանիայի Վյուրտեմբերգի, Բավարիայի, Պֆալցի և Հեսսենի երկրամասերի, մասամբ նաև Լյուքսեմբերգի և Շվեյցարիայի որոշ շրջանների գերմանախոս բնակիչները, մոտ 8000 հոգի, 1816թ-ից սկսած մի քանի տարում տեղափոխվում են դեպի Հայաստան և հարակից շրջաններ, կարծելով, որ 1836 թ. մարդկության պատմության մեջ կրկնվելու է երկրորդ ջրհեղեղը և ինչպես առաջինի դեպքում, այս անգամ ևս Արարատը փրկելու է մարդկությանը: Ուստի պետք էր օր առաջ տեղափոխվել և հաստատվել սուրբ լեռան ստորոտում, որպեսզի ջրհեղեղը վրա հասնելու պահին արագ բարձրանան լեռնագագաթ և Նոյ նահապետի օրինակով փրկեն իրենց ընտանիքներին: Ժամանակի քաղաքական բարդությունների պատճառով ոչ բոլորն հասան բաղձալի նպատակակետին` Հայաստան, բայց Կովկասում գերմանացիների կյանքն ու գործունեությունը հետաքրքիր հետքեր թողեցին տարածաշրջանի պատմության մեջ և հայ-գերմանական հարաբերություններում:

Դասախոսության երրորդ մասը նվիրված էր Հայաստանում 19-րդ դարից սկսած գերմանացի գիտնականների, ճանապարհորդների, ճարտարապետների և այլ մտավորականների գործունեությանը: 19-20դդ. պատմությունից ներկա սերունդներին փոխանցվել է հայ-գերմանական համատեղ իրականացրած տարբեր համարձակ ծրագրերի մասին զանազան պատմություններ, ինչպես օրինակ Դորպատի գերմանական համալսարանում մտահղացած և Հայաստանում Խաչատուր Աբովյանի և Ակոռի գյուղացիների հետ համագործակցաբար իրականացրած Արարատի գագաթի նվաճումը, Հերման Աբիխի, Մորից Վագների և մյուսների գործունեությունը և այլն: Հատկանշական է սակայն, որ 19-20դդ. նահանգային ինժիներ Նիկոլաուս ֆոն դեր Նոննեի կառուցած այնպիսի հայտնի շենքեր, ինչպիսիք են Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանը, հայկական դիվիզիայի շտաբը և ներկայիս Հանրապետության փողոցի և այլ վայրերի շենքեր, նախկինում նահանգապետի նստավայրը և այլն, որտեղ 50 տարուց ավելի գտնվել են հանրապետության ղեկավարության գրասենյակները, որպես գերմանացի ազնվականի կառուցած շինություններ հայերի մայր քաղաքում, այսօր շատ քիչ երեանցիներին է հայտնի: Գերմանացի ունկնդրին չափազանց հետաքրքրեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հազարավոր գերմանացի գերիների գործունեությունը Խորհրդային Հայաստանում ու նրանց հետագա ճակատագրի ընթացքը:

Մեկ ու կես ժամ տևած դասախոսություն-քննարկումը թերևս կարող էր միայն թեմայի վրա թռուցիկ հայացք գցել, շեշտել նրա ուսումնասիրման կարևորությունը ներկա հայ-գերմանական բազմակողմանի հարաբերությունների զարգացման համատեքստում և հիմնավորեր Հայ ակադեմաիկանների միության որդեգրած նպատակների կենսականությունը` ուսումնասիրել և վերականգնել եղած ավանդույթները, պատմական հիմքի վրա ընդլայնել երկու ժողովուրդների ներկա փոխհարաբերությունների ասպարեզը:

Ինչպես նախորդ դասախոսության պարագայում, այս անգան ևս ամերիկահայ առաջին անգլալեզու շաբաթաթերթը` THE ARMENIAN MIRROR-SPECTATOR -ը (March 19, 2016. Volume LXXXVI , NO. 35, Issue 4429) լայնորեն անդրադարձավ Բոխումում կազմակերպվող դասախոսությանը` Traces of Germany in Armenian History and Culture, By Heide Rieck-Wotke.

 

Ազատ Օրդուխանյան

Գերմանիայի Հայ ակադեմիականների միության նախագահ

 

Բոխում, Գերմանիա, 22 մարտի 2016թ.