1993-ին, երբ մեր մարտիկներն ազատագրեցին Քարվաճառը, ՀՀ այն ժամանակուայ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանն առաջին անգամ ժամանեց Արցախ ու պահանջեց, որ Արցախի ԳԽ նախագահի դաշնակցական պաշտօնակատար Գէորգի Պետրոսեանն ստորագրի հայկական զօրքը Քարվաճառից դուրս բերելու մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի կատարման ժամանակացոյցը։ Գէորգի Պետրոսեանը չստորագրեց փաստաթուղթը եւ հրաժարական ներկայացրեց։ Փաստաթուղթն, ի վերջոյ, ստորագրեց նրա տեղակալը՝ Կարէն Պապուրեանը, որը նշանակուեց նախագահ։ Բայց, չնայած սրան, հայկական կողմը ոչ միայն չվերադարձրեց Քարվաճառը, այլեւ շարունակեց ազատագրել միւս տարածքները եւս։
Գէորգի Պետրոսեանը մանրամասներին անդրադառնալ չի սիրում, պարզապէս ասում է, որ, թէպէտ այն ժամանակուայ իրողութիւններն ուրիշ էին, հիմիկուանը՝ ուրիշ, Քարվաճառն ու Արցախի միւս տարածքները հնարաւոր է նորից ազատագրել։
«Եթե հնարաւոր չլինի՝ մենք ստեղ երեւի չենք ապրի։ Եւ ոչ թէ մենակ էդ յոյսով, այլ էն, ինչ չենք իրականացրել ժամանակին՝ դաժան դասերը քաղելով պէտք է նոյնը անենք։ Դեռ մի քիչ էլ աւելի», ասաց Գէորգի Պետրոսեանը։
Այսօրուայ վիճակը նա ոչ թէ «զրո», այլ «մինուս զրո» է գնահատում, ասում է՝ փրոպլեմները պէտք է փորձենք վեր հանել, որ բերենք՝ զրոյի հասցնենք, արժանապատուութիւնը պէտք է վերականգնենք։
«Ես մեծ յարգանքով եմ վերաբերվում մեր ժողովրդին։ Ժողովուրդը երբեք մեղաւոր չի լինում, լինում է վատ կառավարում․ գուցէ իր մեղքը դա է, բայց դա էլ չի մեղք», ասաց Գէորգի Պետրոսեանը։
ԼՂՀ նախկին արտգործնախարարն այժմ ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենեակի ղեկավարն է։ Գրասենեակը դեռ 3 ամիս է՝ ինչ բացուել է, առայժմ կազմակերպչական աշխատանքներ են տանում։ Սեղանին թոռնիկի ամենագնացն է, որ յիշեցնի մշտական ընթացքի անհրաժեշտութեան մասին։ ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների 50-ից աւելի անդամներ Ստեփանակերտում, Գորիսում ու Երեւանում 5-օրեայ խորհրդաժողով անցկացրին։ Գէորգի Պետրոսեանն ասում է՝ դա խթան է։
«Մի անգամ տղես ինձ հարց տուեց՝ պա՛պ, ազատութիւնից աւելին ի՞նչն է, ասացի՝ չեմ իմանում, ասաց՝ աւելի մեծ ազատութիւնը։ Հիմա մենք որպէս գերխնդիր պէտք է ձգտենք, որ մեր կաղապարները, որ ունենք մեր գլխի մեջ, խաբկանքները, որոնք կան, ազատուենք դրանցից, եւ Արցախի ազատագրումը կը լինի», ասաց Գէորգի Պետրոսեանը։