image

«2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է». Վարչապետի ուղերձը

«2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է». Վարչապետի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ուղերձն օգոստոս 8-ի առիթով․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ,

Մէկ տարի առաջ այս օրը` 2025 թուականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնութեամբ եւ մասնակցութեամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, հրաւիրուած եռակողմ հանդիպման արդիւնքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութիւն հաստատուեց։

Հիմա արդէն օգոստոսի 8-ի հանդիպումն անուանում ենք Խաղաղութեան գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ եւ Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպէս վկայ ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահը, Խաղաղութեան հռչակագիր։ Այս անուանումները լիարժէք արտայայտում են այն արդիւնքը, որ բերեց 2025 թուականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատուած խաղաղութիւնը տեսանելի եւ զգալի է բոլորին։

2026 թուականի յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահութեան քուէ տուեցին խաղաղութեանը, այլեւ տէր կանգնեցին խաղաղութեանը։ Սա, ի հարկէ, չի նշանակում, թէ խաղաղութեան օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրուանի ենք հասել։

2025 թուականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրուած «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութիւն եւ միջպետական յարաբերութիւններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վաւերացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը դեռ պէտք է տեղի ունենայ, մեզ բոլորիս շատ յուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատութեան մէջ լինելը։

Բայց ակնյայտ է, որ 2025 թուականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից յետոյի։ 2025 թուականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետութիւնը փակուղու մէջ էր, իսկ 2025 թուականի օգոստոսի 8-ից յետոյ մեր առաջ բացուել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտուել-չօգտուելը կախուած է մեր հաւաքական կամքից, մեր իմացութիւնից ու աշխարհն ու մեր պատմութիւնը սովորելու մեր ընդունակութիւնից։

Հենց սրանում է Վաշինգտոնի խաղաղութեան գագաթնաժողովի մեծագոյն քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական արդիւնքը․ մեր պատմութեան ղեկը կրկին յայտնուել է մեր ձեռքում։ Սա չի նշանակում, թէ ճանապարհը կատարեալ է եւ առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագայ ճակատագիրը կանխորոշող առաջնային գործօնը, ու սա պատմական շրջադարձ է։

Նախորդող շրջանը եւ Ազգային ժողովի ընտրութիւնների արդիւնքները գալիս են համոզելու՝ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք՝ որպէս պետութիւն եւ ժողովուրդ, տէ՛ր կանգնել մեր ճակատագրին, եւ սրա համար ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլորիդ ու իւրաքանչիւրիդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ։

Վաշինգտոնի Խաղաղութեան գագաթնաժողովի կարեւորագոյն արդիւնքներից է «Թրամփի ուղի յանուն միջազգային խաղաղութեան եւ բարեկեցութեան» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մօտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսութեան առանցքը, այլեւ օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թէ որպէս խոչընդոտ, այլ որպէս ճանապարհ, որպէս դրացի։ Առաջիկայում մենք կը սկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձութիւն։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ,

Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտութեան էջը փակուած է, խաղաղութիւնը հաստատուած է, եւ այն ահա ձեր աչքի առջեւ է, ձեր կեանքն է ու առօրեան։ Որեւէ խաղաղութիւն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաեւ մեր խաղաղութեան հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղութիւնը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է, եւ դա կարելի է անել շատ արագ, ու հարց է`այդ պարագայում կը յաջողուի արդեօք 35 տարի անց նորից հաստատել խաղաղութիւն։

Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրուած, ոմանք էլ ակամայ, գործում են խաղաղութիւնը փլուզելու տրամաբանութեամբ, եւ այս գործունէութիւնը երբեմն քողարկւում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկոյթի ներքոյ։ Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղութիւնն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտութիւն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրաւունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտեան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրաւունքի մասին խօսոյթները չշարունակելը։

Սա հարց է, որը թէ՛ Հայաստանում, թէ՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտութիւն կայ՝ յանուն մեր սերունդների խաղաղ համակեցութեան իրաւունքի։ Սա է այն իրաւունքը, որ մենք այսօր պէտք է առարկայացնենք եւ հետապնդենք, եւ պէտք է կարողանանք յաղթահարել սրան հակասող որեւէ խօսոյթ։

Ես նախագահ Թրամփին շնորհակալութիւն եմ յայտնում այս խաղաղութեան հաստատման գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։

Հայաստանի ժողովրդին շնորհաւորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

Ադրբեջանի ժողովրդին շնորհաւորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

Վերջապէս ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թէ բորբոքում է մեզ։

Եւ թող խաղաղութեամբ ննջեն հակամարտութեան բոլոր զոհերը։ Այլեւս երբեք։

Կեցցէ՛ խաղաղութիւնը»։