Երևանում արդեն 2-րդ անգամ կկայանա «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Հայոց ցեղասպանության վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» ամենամյա մրցանակը բարձրացնում է աշխարհով մեկ տեղի ունեցող ոճրագործությունների մասին հանրային իրազեկումը, որն էլ թերևս «Ավրորա»-ի գլխավոր նպատակն է: Այս տարի մրցանակաբաշխության հավակնորդները հինգն են, որոնք ընտրվել են 558 թեկնածուներից: Հավակնորդներից մեկը՝ սիրիացի 26-ամյա Մուհամմադ Դարվիշը, ամենաերիտասարդն է: Վերջինս մասնագիտությամբ ատամնաբույժ է: Ըստ «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական տեղեկությունների՝ Մ. Դարվիշը մարդասիրական մեծ գործունեություն է ծավալում Դամասկոսի մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Մադայա քաղաքում, որը ահաբեկիչների վերահսկողության տակ է գտնվում: Նա, լինելով ատամնաբույժ և մասնագիտական համապատասխան որակավորում չունենալով, կատարում է նաև բարդագույն վիրահատություններ, որի շնորհիվ, ըստ տեղեկությունների, շատերն են փրկվել: Սակայն վերջերս հալեպահայության շրջանակներում սկսվեց ակտիվորեն քննարկվել Դարվիշի առաջադրման հարցը: Խնդիրը բարձրացրեց հալեպահայ բժիշկ, ավելի քան 15.000 հետևորդ ունեցող ֆեյսբուքյան «Հալեպահայեր» խմբի համակարգող Ռոբերտ Սուլահյանը: Վերջինս հավաստի փաստեր է բերում՝ պնդելով, որ Մուհամմադ Դարվիշը իրականում ոչ թե բարեգործ և մեծ մարդասեր է, այլ «Ջաբաթ ալ-նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամ, որն «Ալ-Կաիդա»-ի սիրիական ճյուղավորումն է:
«Մ. Դարվիշը «Ջաբաթ ալ-նուսրա»-ի անդամ է եղել Դամասկոսից հարավ գտնվող Մադայա քաղաքում: Այս ապրիլին, կառավարական ուժերի հետ բախվելով, ահաբեկիչները պարտություն կրեցին և լքեցին քաղաքը, որոնց թվում էր նաև Դարվիշը: Պարտությունից հետո նա անցել է Թուրքիա և հայտարարել, որ գնում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Սա անտրամաբանական և վիրավորական է հատկապես սիրիահայերի համար, որոնք մեծ վնասներ կրեցին «Ջաբաթ ալ-նուսրա»-ի գործողությունների հետևանքով»,- ասում է սիրիահայ բժիշկը:
Ռ. Սուլահյանը հավաստում է, որ Դարվիշը ոչ թե օգնել ու բժշկել է Մադայայի բնակչությանը, այլ ահաբեկչական խմբավորման վիրավոր ու վնասվածքներ ստացած անդամներին է բուժել: Այս առիթով բժիշկը նամակով դիմել է «Ավրորա»-ին և փաստական տեղեկություններ հաղորդելով Դարվիշի մասին՝ խնդրել վերանայել վերջինիս մասնակցությունը:
Հարկ է նշել, որ սիրիական կառավարությանը հակընդդեմ բոլոր ուժերը, լրատվամիջոցները գովաբանում և ընդունում են Դարվիշին որպես հերոս:
Նշենք, որ այս անգամ մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 28-ին: