image
Հրատապ լուրեր:

Վարդան Նազիրյան. Մեր կուսակցությունը ժամանակին Աժ-ում 22 պատգամավոր ուներ. եկել է նորից գործելու ժամանակը

Վարդան Նազիրյան. Մեր կուսակցությունը ժամանակին Աժ-ում 22 պատգամավոր ուներ. եկել է նորից գործելու ժամանակը

Ապրիլի 19-21-ը Երևանում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության «Վերականգնում» շարժման եռօրյա համաժողովը, որի օրակարգում մի շարք հարցերից բացի ընդրգկված էին նաև  ՌԱԿ վերակազմակերպման խնդիրները:

Համաժողովի ավարտից հետո ՌԱԿ վերականգնման շարժման համակարգող Վարդան Նազիրյանն «Արևելքի» հետ զրույցում հայտնեց, որ վերջին համաժողովից հետո  հայ ավանդական կուսակցություններից մեկը մտնում է նոր փուլ: Ըստ նրա, անընդունելի է, որ ժամանակին Հայաստանի քաղաքական կյանքում դերակատարություն ունեցած կուսակցությունն այսօր դուրս է մնացել երկրի քաղաքական գործընթացներից:

ՌԱԿ պատասխանատուներից մեկի բնորոշմամբ, դրա պատճառը կուսակցության ներսում տեղի ունեցած պառակտումներն էին: Նազիրյան նշեց, որ վերջերս հրավիրված համաժողովի ժամանակ որոշվել է երկու տարվա ընթացքում այսպես ասած վերականգնել կուսակցությունը, նույնիսկ պառակտված կուսակցության մյուս թևին էլ է առաջարկվել միավորվել և  միասին քաղաքական պայքար սկսել ի շահ հայության, ի շահ հայրենիքի և   ի շահ հայ ավանդական հնագույն կուսակցության ավանդույթների պահպանման:

«Ժամանակին մեր կուսակցությունը  Հայաստանի Աժ-ում  22 պատգամավոր ուներ, ՌԱԿ-ն իշխանություն ուներ Հայաստանում… Այսօր իշխանության մեջ չենք, բայց չի նշանակում, թե դիրքորոշում չունենք հայաստանյան իրադարձությունների շուրջ: Հայաստանում մեր կենտրոնն ու թերթն  ունենք՝ ՀՌԱԿ-ն ու  «Ազգը»: Վերջինս   անկախության մամուլի առաջամարտիկներից էր, և այսօր Հայաստանում կուսակցության գործունեությունը կրկին հզորացնելու ուղին ենք բռնել: Եկել է կրկին գործելու ժամանակը»,-մեզ հետ զրույցում ասաց Վարդան Նազիրյանը, ավելացնելով, որ պատրաստ են համագործակցել բոլոր կառույցների հետ, միշտ մնալով իրենց հիմնական դիրքորոշմանը՝ պետականամետ կեցվածքին:

«Իհարկե, պետականությունն ու իշխանությունը տարբեր են, մեզ համար կարևոր չէ՝ ով է իշխանության ղեկին, կարևորը  հայոց պետականության ամրացման ուղղությամբ տարվող աշխատանքներն են»,-ասաց նա: 

Համաժողովը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, նախապատրաստություն էր նաև առաջիկա ընդհանուր պատգամավորական ժողովին, որ ընտրելու է նոր վարչություն, որն էլ արտացոլելու է կուսակցության դիմագիծը և հեղինակություն է ունենալու կուսակցության բոլոր շրջանակներում:   

Վարդան Նազիրյանը հայտարարեց, որ ինքն իր ունեցած հեղինակությունն ու կապերը գործի է դնելու՝ կուսակցության վերականգնման գաղափարն առաջիկա երկու տարում իրագործելու, բայցևայնպես, նշեց նաև, որ վերականգնումն ինքնին դժվար աշխատանք է: «Ավելի հեշտ է զրոյից սկսել, քան՝ վերականգնվել, քանի որ վերականգնման դեպքում միշտ էլ դիմացդ ընդդիմություն ես ունենալու»,-ասաց ՌԱԿ վերականգնման շարժման համակարգողը: