ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններից մեկը՝ Հայ մշակութային հիմնարկությունն այս տարի պատրաստվում է իր 40-րդ հոբելյանական ճաշկերույթին, որ տեղի է ունենալու մարտ 6-ին, «Բևերլի Հիլ«զ հյուրանոցի սրահներից մեկում: Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ»-ը, ճաշկերույթի ժամանակ մեծարվելու են երկար տարիներ իրենց բարերարություններով միության կողքին կանգնած Հակոբ և Մինա Շիրվանյանները: Շիրվանյանները, որոնք Լոս Անջելեսում են հաստատվել 1956-ին՝ մեծ դեր են ունեցել Լոս Անջելեսի հայկական համայնքի կյանքում և Հայ մշակութային հիմնարկության կողմից հոբելյանական ճաշկերույթի ժամանակ արժանանալու են «Տարվա զույգ» կոչմանը:
Նրանք նյութական օժանդակություն են տրամադրել հայկական եկեղեցիներին, վարժարաններին, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին, Հայ Օգնության միությանը, «Հայաստան» հիմնադրամին և այլ կառույցների:
Շիրվանյան ամուսիններն արժանացել են «Կիլիկիո Ասպետ» և «Կիլիկիո Իշխան» շքանշաններին, պարգևատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամենաբարձր քաղաքացիական շքանշանով, ինչպես նաև ԱՄՆ-ում ստացել են մարդասիրական և այլ մրցանակներ:
Հակոբ Շիրվանյանը, ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, նաև քաղաքական հարուստ գործունեություն է ունեցել. նա հինգ անգամ հինգ տարբեր նահանգապետերի կողմից ընտրվել է նահանգային տարբեր հանձնաժողովների և մարմինների անդամ:
Հակոբ և Մինա Շիրվանյանների վերջին նվիրատվություններից մեկը եղել է Գյումրու Երիտասարդական կենտրոնին նվիրաբերած 50,000 ԱՄՆ դոլարը: