Իրաքի Քուրդիստանի մշակութային մայրաքաղաք Սուլայմանիում նոյեմբերի 20-ին բացվել և մինչև նոյեմբերի 23-ը շարունակվելու է Գալավեժի՝ թվով 20-րդ փառատոնը, որը նվիրված է հայ-քրդական առնչություններին: Հայկական պատվիրակության անդամ, լրագրող, «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը, Իրաքի Քուրդիստանից Արևելքին ներկայացնելով մանրամասներ, նշեց, որ փառատոնը բացվել է ցուցադրությամբ, որտեղ նաև հայկական հայկական մշակութային ժառանգության նմուշներ են ներկայացվել՝ գորգեր և տարազ, ինչը մեծ ընդունելություն է գտել փառատոնի մասնակիցների շրջանում:
Իրաքում ՀՀ դեսպանատան կցորդ-հյուպատոս Սմբատ Խաչատրյանը, հայ-քրդական առնչությունների շրջանակում անդրադարձել է Հայաստանում քրդական համայնքին՝ նշելով, որ համայնքի անդամները հայկական հասարակության լիիրավ անդամ են՝ սեփական լեզուն, կրոնը, մշակույթը և ավանդույթները պահպանելու սահմանադրորեն ամրագրված իրավունքներով:
Ինչպես տեղեկանում ենք, ծրագրի մեկ օրը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության թեմային. քննարկումը վարել է լրագրող, քաղաքական մեկնաբան Հեմն Մամրաշը:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը ներկայացրել է Օսմանյան կայսրությունում հայկական բնակչության կարգավիճակի խնդիրը, ինչպես նաև թուրքական իշխանությունների դիրքորոշման քաղաքականության շարունակականությունն այդ հարցում: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը զեկույց է ներկայացրել հայ-քրդական հարաբերությունների հիմնական փուլերի, առկա հիմնախնդիրների ու համագործակցության ներուժի մասին: Առանձնահատուկ կարևորություն է տրվել Հայաստան (ՀՀ, ԼՂՀ)-Իրաքի Քուրդիստանի (ԻՔ) ինքնավարություն հարաբերություններին: Բանախոսը հույս է հայտնել, որ Քուրդիստանի հայրենասիրական միությունն իր նպաստը կբերի ոչ միայն ԻՔ-ի, այլ Իրաքի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունմանը: Զեկուցողն առանձնահատուկ անդրադարձել է նաև Հայաստանի քրդական համայնքին, նշելով Հայաստանի դերը քրդական մշակույթի և կրթության զարգացման գործում: Վահրամ Պետրոսյանը դիտարկել է հայ-քրդական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների և Թուրքիա-ԻՔ հարաբերությունների համատեքստում՝ ներկայացնելով ՀՀ-ԻՔ հարաբերությունների հնարավոր զարգացումների սցենարները:
Հայկական պատվիրակության ղեկավար, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ իր զեկույցում անդրադարձել է Հայոց Ցեղասպանությունից հետո ձևավորված սփյուռքին, դրա կառուցվածքային զարգացմանը: Նշվել է, որ հայկական սփյուռքը մեծ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության, քաղաքականության, կյանքի մյուս բնագավառների վրա և հանդիսանում է նրա կարևոր շարունակությունը: Ա. Մխիթարյանն ընդգծել է սփյուռքյան կառույցների դերն աշխարհի տարբեր երկրներում ազգային խնդիրների, այդ թվում՝ Մեծ Եղեռնի ճանաչման հարցի բարձրացման գործում և կոչ է արել միջազգային մակարդակի բարձրացնել հայ-քրդական գործակցությունը՝ տարբեր երկրներում աջակցելով միմյանց նախաձեռնություններին: Նա մեջբերել է քուրդ քաղաքական գործիչ Ս. Դեմիրթաշի խոսքից, որում Թուրքիային կոչ է արվում հաշտվել պատմության հետ և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Նշվել է, որ այդ հարցում չպետք է հապաղեն նաև Քուրդիստանի ինքնավարությունն ու Իրաքը:

Ելույթներ են ունեցել նաև քուրդ փորձագետներ, որից հետո ծավալվել է թեժ քննարկում: Քուրդ մասնագետները բոլորովին չէին ժխտում, որ քրդերը մասնակցություն են ունեցել ցեղասպանության իրագործմանը, բայց, միաժամանակ, ակնածանքով հույս էին հայտնում, որ 20-դարի արհավիրքն այսօր չի կարող խոչընդոտ հանդիսանալ հայ-քրդական հարաբերությունների բարելավմանը: Եվ, այստեղ է, որ պետք է կարևորվի ժողովրդական դիվանագիտությունը, որին կարող են նպաստել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գիտնականները, մշակութային գործիչները: Համապատասխան գրագետ աշխատանքի արդյունքում քրդերը պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ծրագրի մյուս հատվածում Հանրային ռադիոյի Քրդերեն բաժնի խմբագիր Տիտալ Չոլոյանն անդրադարձել է քրդական հաղորդման առանձնահատկությանը և Հայաստանում քրդերի համայնքի խնդիրներին ու հնարավորություններին:
Տերյան մշակութային կենտրոնի կողմից ստեղծված տարազներն ու գորգերի նախագծերը ներկայացված էին առանձին տաղավարով: Կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Մխիթարյանը ներկայացրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գորգը, դրա խորհուրդը, իսկ հայկական ազգային տարազը կրող երիտասարդներն այս օրերին դարձել էին հայտնի՝ փառատոնի բոլոր մասնակիցները նրանց հետ լուսանկարվում էին և տարածում սոցիալական ցանցերում:
Հայ-քրդական բարեկամություն ՀԿ համանախագահ Նազինե Խալաֆյանն էլ փառատոնի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ձեռքբերումները:
Գալավեժ մշակութային փառատոնին մասնակցում էին տեղի քաղաքական և մշակութային հայտնի գործիչներ՝ ԻՔ փոխվարչապետը, Իրաքի մշակույթի նախարարը, ԻՔ բարձրագույն կրթության և գիտության, մշակույթի նախարարները, Քուրդիստանի հայրենասիրական միության գործադիր մարմնի ղեկավարը, ինչպես նաև քուրդ մտավորականության ազդեցիկ ներկայացուցիչներ: