«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունից տեղեկանում ենք, որ օրերս «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեց Մարիամ Մակդեսի Մոսոն։
Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները։ Նրա Հալեպից Հայաստան տեղափոխումը հնարավոր է դարձել IDeA հիմնադրամի ցուցաբերած ֆինանսական օժանդակության շնորհիվ:
2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից մշակված և իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը աջակցում է Սիրիայում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։
Հիշեցնենք, որ 2016թ-ի հոկտեմբերի 15-ին IDeA հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին: IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց: