Վաղը՝ դեկտեմբերի 9-ին երկրորդ անգամ նշվելու է ցեղասպանության միջազգային օրը: 2015թ. սեպտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակել է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»։ Բանաձևը ներկայացվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից և ընդունվել: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն այդ առթիվ Լիբանանում կազմակերպում է միջազգային համագումար, որին հրավիրվել են պատմաբաններ, ցեղասպանագետներ և այլ մասնագետներ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, այլ երկրներից: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ասում է, որ այսուհետև դեկտեմբերի 9-ը կարևոր ամսաթիվ պետք է համարել հայության կյանքում և հատկապես՝ իրենց միության համար, քանի որ ՀԲԸՄ-ը իր վրա է վերցնում ցեղասպանությունների մասին բարձրաձայնման հարցը, ցույց տալով, որ այլևս պետք չէ խղճալ հայ ժողովրդին, և հայ ժողովուրդը զարգացման այնպիսի աստիճանի է հասել, որ կարող է աշխարհով մեկ, քաղաքակիրթ մակարդակով խոսել ցեղասպանությունների մասին:
Նա հիշեցրեց մի խումբ հայերի կողմից սահմանված «Ավրորա» մրցանակը, որ հիմնվել է հայոց ցեղասպանության զոհերի պատվին և նրանց անունից տրվում է օտարազգիներին: Պերճ Սեդրակյանն ասաց, որ մրցանակը հիմնողների հետ իրենց միությունը նույն տեսլականն ունի, և պատրաստ են տարբեր միջոցառումներով, համագումարներով իրենք էլ աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի՝ ոչ թե խեղճացածի, այլ աշխարհում իր ուրույն տեղն ունեցողի դիրքը: «Շարունակենք պաշտպանել մեր դատը, բայց այնպես անենք, որ մեզ չխղճան: Ժամանակն է, որ հայ ժողովուրդը, խոսելով իր ցավի մասին, տեր դառնա նաև աշխարհի բոլոր ցեղասպանություններին»,-Երևանում օրերս հայտարարել է ՀԲԸՄ նախագահը: