Հայազգի աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան առթիվ մամուլը կրկին հիշել է ֆրանսահայ արվեստագետի խելահեղ ամուսնության մասին. երրորդ կնոջից բաժանվելուց հետո Միշել Լեգրանն 2014-ին 82 տարեկանում ամուսնացել է իշխանական ծագումով ռուս դերասանուհի. ֆրանսաբնակ Մաշա Մերիլի հետ: Կոմպոզիտորի հարսնացուն 73 տարեկան էր, նրանք ամուսնացել են եկեղեցական արարողությամբ՝ ընկերների, բարեկամների, ընտանիքի անդամների ներկայությամբ: Հարուստ կյանք ունեցած Մաշա Մերիլը խոստովանել է, որ չնայած տարիքին` իրենց հարաբերություններում սերն ու կիրքն են գերիշխում։ Լեգրանն ու դերասանուհին ծանոթ են եղել շատ վաղուց, սիրել են միմյանց, բայց քանի որ երկուսն էլ ամուսնացած էին, չէին համարձակվել խոսել ամուսնության մասին: Այդ համարձակությունն ունեցել են արդեն շատ մեծ տարիքում: Լեգրանը նախորդ ամուսնությունից ուներ երեք երեխա, Մերիլը որդեգրել է իր նախկին ամուսիններից մեկի երեխային: Դերասանուհին նույնպես մի քանի անգամ ամուսնացած է եղել, բայց՝ իրենից երիտասարդ տղամարդկանց հետ: Լեգրանի դեպքում նա ասել է, թե միակ տղամարդն է, որ իրենից մեծ է:
Ինչպես Լեգրանը, այնպես էլ Մաշա Մերիլը Ֆրանսիական բարձր հասարակության ճանաչված դեմքերից էին: Մերիլի գրքերը Լեգրանի երգերի պես տարածված էին ողջ Ֆրանսիայում, նա նաև բազմաթիվ ֆիլմերում է խաղացել: «Մենք միմյանց սպասել ենք կես դար»,-ասել են նրանք:
«Մաշայի համար ես ապրելու եմ 100 տարի»,-ամուսնանալուց հետո ասել է Միշել Լեգրանը: Նա մահացել է այսօր՝ հունվարի 26-ին, 86 տարեկանում:







