«Յարգելի՛ գործընկերներ,
Ինչպէս ձեզ յայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ատրպէյճանի Զինուած ուժերը սադրիչ գործողութիւններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թուականի զինադադարի հաստատումից յետոյ ամենախոշորամասշտաբ գործողութիւններն են, որ փորձեցին եւ հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինուած ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի՝ ժամանակին եւ արհեստավարժ գործողութիւնների շնորհիւ հնարաւոր եղաւ իրավիճակը վերցնել հսկողութեան տակ եւ ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողութեան տակ, այլ նաեւ զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները եւ բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպէս օդուժի, այնպէս էլ հետեւակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրութեամբ 18 զոհ ունենք եւ 35-ին մօտ վիրաւոր:
Միացեալ Նահանգներից վերադարձիս ճանապարհին պարբերաբար իրավիճակը ինձ զեկուցուել է, եւ համարում եմ, որ ընդունուած որոշումները տեղին են, անհրաժեշտ եւ ճիշտ: Յայտնի է, որ Միացեալ Նահանգներ էի այցելել մասնակցելու Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովին եւ այդ Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քերիի հետ: Նրանց կոչ եմ արել, որպէսզի սաստեն Ադրբեջանին՝ չխախտել հրադադարի կանոնները, բայց, ինչպէս տեսաք, այդ հանդիպումից ընդամէնը մի քանի ժամ յետոյ տեղի ունեցան իրադարձութիւններ, որ դեռեւս յայտնի չեն, թէ ինչի կը վերաճեն: Այս պահին սադրանքները շարունակւում են. հիւսիսում եւ հարաւում կայ որոշակի լարուածութիւն, բայց, ինչպէս ասացի, Լեռնային Ղարաբաղի Զինուած ուժերը վերահսկում են իրավիճակը:
Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերը գործում են ըստ նախապէս մշակուած պլանի, եւ որոշակի նախարարութիւններ, կարծում եմ, առանց աժիոտաժի, առանց որեւէ լարուածութեան պէտք է անցնեն ուժեղացուած աշխատանքի, ուժեղացուած ծառայութեան, ինչպէս նախատեսուած է մեր ծրագրերով: Միջոցներ են ձեռնարկուել սահմանամերձ շրջանի բնակչութեան անվտանգութեան ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բաւարար են, բայց ես համոզուած եմ եւ առաջարկում եմ քննարկենք, որ մենք մէկ քայլ առաջ պէտք է գնանք: Արտաքին գործերի նախարարութեանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարութեան հետ եւ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնութեան պայմանագիր կնքելու ուղղութեամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետութիւնը լիարժէքօրէն կատարելու է իր պարտականութիւնը Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեան ապահովման առումով, եւ մենք նաեւ ունենք դրա իրաւաբանական իրաւունքը, որովհետեւ ինքներս հանդիսանում ենք 1994 թուականին կնքուած հրադադարի համաձայնագրի կողմ:
Բացի Զինուած ուժերից իրենց գործը կատարում են մեր միւս գերատեսչութիւնները. կապ է հաստատուել միջազգային կառոյցների մեր գործընկերների հետ: Այնուհանդերձ, ինչպէս բազմաթիւ անգամ ասել եմ, մեր խնդիրները մենք պէտք է լուծենք եւ բնաւ չթերագնահատուելով որեւէ մէկի օգնութիւնը: Հիմա Պաշտպանութեան նախարարը եւ Գլխաւոր շտաբի պետը հարցը կը զեկուցեն ռազմական տեսանկիւնից, Արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ դիւանագիտական ջանքերի մասին, այնուհետեւ կ’ընդունենք համապատասխան որոշումներ»,- ըսած է Նախագահ Սերժ Սարգսեան: