Իրանահայերի norjugha ir կայքը գրում է իրանահայ երիտասարդ գիտնական-գյուտարար Ռուբեն Մինասյանի մասին, ով արդյունաբերության ոլորտում իր բացառիկ գյուտով արժանացել է մասնագետների եւ գիտնականների ուշադրությանն ու գնահատանքին:
Երիտասարդ էլեկտրաճարտարագետը ստեղծել է մի սարք, որի միջոցով հնարավոր է ամենակարճ ժամանակահատվածում եւ ամենասակավ վճարումով ստուգել ու տարանջատել մեքենայի շարժիչի պտույտի, արագաչափի եւ թթվածնի սենսորների էլեկտրոնային շրջաններում առաջացած թերությունները:
Սարքը ներկայացվել է Իրանի Հնարամիտների ազգային հիմնարկի ամենամյա գյուտերի փառատոնին, որտեղ էլ արժանացել է իրավարարների հատուկ գնահատագրին, իսկ նորարարությունը որպես գյուտ հաստատվել է Երկրի կալվածների եւ փաստաթղթերի գրանցման կազմակերպության կողմից եւ ստացել համապատասխան հաստատագիր: Կայքը նաեւ հաղորդում է, որ Սպահանի Թեթեւ փոխադրամիջոցների տեխնիկական ծառայությունների արհմիության մասնագետների գրավոր գնահատմամբ եւս Ռուբեն Մինասյանի գյուտը դիտվել է որպես նորարարություն եւ եզակի նմուշ, քանի որ դրա միջոցով կարելի է տնտեսել մեքենայի սեփականատիրոջ ժամանակն ու գումարը: Իրանում պատրաստվում են սարքը դնել մասսայական արտադրության մեջ:
Սարքի ստեղծման գործում, ինչպես տեղեկանում ենք norjugha.ir-ից, գյուտարարի հետ համագործակցել է նրա կրտսեր եղբայրը՝ Արմո Մինասյանը. նա նույնպես էլեկտրաճարտարագետ է:
Իրանահայ ճարտարագետ Ռուբեն Մինասյանը ծնվել է 1988 թվականին` Նոր Ջուղայում: Սովորել է մի քանի համալսարաններում:
Անդամակցելով Սպահանի Պետական եւ Սպահանի Արդյունաբերական համալսարանների համատեղ հետազոտական խմբին, ակտիվ գործունեություն եւ դերակատարություն է ունեցել ինսուլինի ավտոմատ սրսկման սարքի նախագծման եւ տեսողական ձեւով արյան գլյուկոզայի մակարդակը ճշտող սարքի ստեղծման ծրագրում:
Երիտասարդ ճարտարագետ-գյուտարարը խոստովանել է, որ իր հաջողությունների համար երախտապարտ է ծնողներին, ովքեր ջանք չեն խնայել իր դաստիարակության, կրթության եւ առաջադիմության համար: