image

ԳՈՀԱՐ-ի գեղարվեստական ղեկավար. Աստվածային պահ էր մասնակից դառնալ պատմական աղոթքին

ԳՈՀԱՐ-ի գեղարվեստական ղեկավար. Աստվածային պահ էր մասնակից դառնալ պատմական աղոթքին

Գյումրիի Վարդանանց Հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մատուցած Սուրբ Պատարագին մասնակցած երկու երգչախմբերի՝ ԳՈՀԱՐ-ի ու Հայաստանի Պետական կամերային երգչախմբի հոգևոր երգերի բարձր կատարումները հիացրել են պատարագի մասնակիցներին:  ԳՈՀԱՐ սիմֆոնիկ երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Կուզիկյանն «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ աստվածային պահ էր մասնակից լինել պատմական աղոթքին, որը տարածվեց Գյումրիից և դարձավ պատմական անմոռանալի մի իրադարձություն: Երկար տարիներ Արարատյան թեմի երգչախմբի ղեկավար եղած և հոգևոր համերգների մեծ փորձ ունեցող մաեստրո Կուզիկյանը նշեց, որ   Սուրբ Պատարագը կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով, իսկ երաժշտական մասն էլ, հոգևոր խորհրդին միանալով, ավելի խոսուն դարձրեց պատարագը: ԳՈՀԱՐ երգչախումբը (ղեկավարությամբ Գրիգոր Կուզիկյանի)  Հռոմի Պապի մատուցած պատարագի ընթացքում հանդես է եկել հայկական շարականներով, իսկ Հայաստանի Պետական Կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյան)՝ լատինական հոգևոր երգերով:

ԳՈՀԱՐ-ի գեղարվեստական ղեկավարը նշում է, որ Գյումրիում մատուցված սուրբ պատարագի խորհուրդը մեծ էր ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ աշխարհի համար, իսկ աղոթքի ուժը դեռ երկար կմնա Հռոմի Պապի պատարագին հաղորդակից եղած յուրաքանչյուրի հոգում:

ԳՈՀԱՐ երգչախումբը երեք հոգևոր կատարումներով մասնակցեց նաև Գյումրիի Սրբոց Նահատակաց Կաթողիկե եկեղեցում տեղի ունեցած աղոթքի արարողությանը, որ կրկին մատուցվեց Հռոմի Պապի այցի առթիվ: Հայկական մեծագույն երաժտական խմբի՝  ԳՈՀԱՐ-ի անդամները հպարտ են, որ ևս մեկ անգամ  արհեստավարժությամբ ապացուցեցին հայ երգին նվիրյալ լինելու՝ իրենց առաքելությունը: