image

Անահիտ Հովսեփյան. Հայաստանի նախազգուշական կրակոցը

Անահիտ Հովսեփյան. Հայաստանի նախազգուշական կրակոցը

Գերմանական առցանց լրատվամիջոցները երեկ շատ օպերատիվ՝ բառացիորեն րոպեներ հետո տարածեցին Հայաստանի կառավարության՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավոր պատրաստակամության մասին հնչեցրած հայտարարությունը: Հայաստանի կառավարությունը ճանաչման նախաձեռնությունը փոխանցել է խորհրդարանին, գրեցին գերմանական «Դոյչլանդֆունկը», «Դի ցայթը» եւ այլ լրատվամիջոցներ՝ հղում անելով ՏԱՍՍ- ին: Գերմանական զանգվածային լրատվամիջոցները հազվադեպ են հղում անում միայն ՏԱՍՍ-ին, ինչը այս լուրի պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող է ենթադրել: Լրատվության մեջ հստակ նշվում է, թե խորհրդարանական քննարկումը կայանալու է առաջիկա երեքշաբթի: «Թիրոլեր թագեսցայթունգը» նախապատվություն է տվել ՏԱՍՍ-ի լրատվությանը կցել նաեւ dpa-ի տեղեկատվությունը՝ «Հայաստանը քննարկում է ԼՂ-ի հնարավոր անկախությունը» վերնագիրն այսպես շարունակելով՝ «Ադրբեջանը, որին միջազգայնորեն պատկանում է ԼՂ, սպառնում է ծանրակշիռ հետեւանքներով»: «Ի հեճուկս հարեւան Ադրբեջանի զգուշացումների, Հայաստանի խորհրդարանը ուզում է ԼՂ անկախության հնարավոր ճանաչման մասին քննարկում հրավիրել», գրում է «Թիրոլեր թագեսցայթունգը»՝ նշելով, թե ապրիլի սկզբից բռնության էսկալացիայի պատճառով 120 զոհ է գրանցվել: Լրատվամիջոցը նշում է նաեւ, թե միջազգային հանրությունը, այդ թվում՝ «Հայաստանի հովանավոր Ռուսաստանը» եւ ԵԱՀԿ այժմյան նախագահող երկիր Գերմանիան տարիներ ի վեր ջանքեր են գործադրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար: «Եթե ԼՂ պաշտոնապես ճանաչվի Հայաստանի կողմից, ՀՀ նախագահ Սարգսյանն առաջինը կլինի, որ կհայտարարի դրա մասին», Հայաստանի նախագահի մամուլի խոսնակի բառերն է փոխանցում dpa-ն: «Ռուսաստանը մոտ 5000 զինվոր է տեղակայել Հայաստանում, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սերտ գործընկերն է թեեւ, բայց զենք է գնում Ռուսաստանից, ինչը արժանանում է Երեւանի քննադատությանը», եզրափակում է գերմանական թերթը:

«Դի վելթը» հստակ նշում է, թե Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ադրբեջանական «նոր ագրեսիայի» պարագայում անկախության ճանաչման համապատասխան օրենքը ուղի կգտնի: «Մարտական ծանր գործողություններից հետո այսպիսի որոշումը կարող է կրկին հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման», գրում է «Դի վելթը»:

Երեկ Գերմանիայում ոչ աշխատանքային օր էր՝ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնի հետ մեկտեղ հայրերի օրն էին նշում:

Հայաստանի նախազգուշական կրակոցը միջազգային լրատվադաշտ հասավ, պաշտոնական գրասենյակների արձագանքը աշխատանքային օրերին դեռ կլսենք:

 

 

Անահիտ Հովսեփյան/«Ազգ»/Գերմանիա