|
Գերմանական առցանց լրատվամիջոցները երեկ շատ օպերատիվ՝ բառացիորեն րոպեներ հետո տարածեցին Հայաստանի կառավարության՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավոր պատրաստակամության մասին հնչեցրած հայտարարությունը: Հայաստանի կառավարությունը ճանաչման նախաձեռնությունը փոխանցել է խորհրդարանին, գրեցին գերմանական «Դոյչլանդֆունկը», «Դի ցայթը» եւ այլ լրատվամիջոցներ՝ հղում անելով ՏԱՍՍ- ին: Գերմանական զանգվածային լրատվամիջոցները հազվադեպ են հղում անում միայն ՏԱՍՍ-ին, ինչը այս լուրի պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող է ենթադրել: Լրատվության մեջ հստակ նշվում է, թե խորհրդարանական քննարկումը կայանալու է առաջիկա երեքշաբթի: «Թիրոլեր թագեսցայթունգը» նախապատվություն է տվել ՏԱՍՍ-ի լրատվությանը կցել նաեւ dpa-ի տեղեկատվությունը՝ «Հայաստանը քննարկում է ԼՂ-ի հնարավոր անկախությունը» վերնագիրն այսպես շարունակելով՝ «Ադրբեջանը, որին միջազգայնորեն պատկանում է ԼՂ, սպառնում է ծանրակշիռ հետեւանքներով»: «Ի հեճուկս հարեւան Ադրբեջանի զգուշացումների, Հայաստանի խորհրդարանը ուզում է ԼՂ անկախության հնարավոր ճանաչման մասին քննարկում հրավիրել», գրում է «Թիրոլեր թագեսցայթունգը»՝ նշելով, թե ապրիլի սկզբից բռնության էսկալացիայի պատճառով 120 զոհ է գրանցվել: Լրատվամիջոցը նշում է նաեւ, թե միջազգային հանրությունը, այդ թվում՝ «Հայաստանի հովանավոր Ռուսաստանը» եւ ԵԱՀԿ այժմյան նախագահող երկիր Գերմանիան տարիներ ի վեր ջանքեր են գործադրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար: «Եթե ԼՂ պաշտոնապես ճանաչվի Հայաստանի կողմից, ՀՀ նախագահ Սարգսյանն առաջինը կլինի, որ կհայտարարի դրա մասին», Հայաստանի նախագահի մամուլի խոսնակի բառերն է փոխանցում dpa-ն: «Ռուսաստանը մոտ 5000 զինվոր է տեղակայել Հայաստանում, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սերտ գործընկերն է թեեւ, բայց զենք է գնում Ռուսաստանից, ինչը արժանանում է Երեւանի քննադատությանը», եզրափակում է գերմանական թերթը: «Դի վելթը» հստակ նշում է, թե Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ադրբեջանական «նոր ագրեսիայի» պարագայում անկախության ճանաչման համապատասխան օրենքը ուղի կգտնի: «Մարտական ծանր գործողություններից հետո այսպիսի որոշումը կարող է կրկին հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման», գրում է «Դի վելթը»: Երեկ Գերմանիայում ոչ աշխատանքային օր էր՝ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնի հետ մեկտեղ հայրերի օրն էին նշում: Հայաստանի նախազգուշական կրակոցը միջազգային լրատվադաշտ հասավ, պաշտոնական գրասենյակների արձագանքը աշխատանքային օրերին դեռ կլսենք:
|
|
Անահիտ Հովսեփյան/«Ազգ»/Գերմանիա