ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ասուլիս հրաւիրած է։ «Մետիամաքս»ը ամենակարեւոր հատուածները առանձնացուցած է շուրջ 4,5 ժամ տեւած ասուլիսէն։
ԼՂ բանակցութիւններ
Ես՝ որպէս բանակցութիւններում նոր մարդ, ունեմ բազմաթիւ հարցեր։ Ես պէտք է հասկանամ, թէ ինչ է կատարւում, ամէն բառը եւ ամէն փուլը։ Սա քմահաճոյք չէ, այլ անհրաժեշտութիւն։
Ես ստացել եմ հսկայական տեղեկատւութիւն, բայց դա նոր տեղեկատւութիւն ստանալու անհրաժեշտութիւն է առաջացնում։
Ակնկալում եմ՝ Ատրպէյճանի նախագահի հետ հանդիպմանը մի շարք պարզաբանումներ ստանալ։
Առհասարակ, Իլհամ Ալիեւի հետ հանդիպումները դրական եմ գնահատում։ Դրական եմ համարում այն երկխօսութիւնը, որ դեռ պէտք է գայ։
Ատրպէյճանի հետ փոխադարձ հայհոյանքներու մասին
Ընկերային ցանցերում Ղարաբաղի հետ կապուած քննարկումներում տեսնում եմ, որ հայերի եւ Ատրպէյճանի միջեւ փոխադարձ հայհոյանքների անասելի տարափ կայ։
Բայց ժամանակը չէ՞, որ բացի հայհոյանքից, մարդիկ քննարկեն խնդիրը եւ թէ ինչ է կատարւում։ Եթէ մենք կարողանում ենք երկրի ղեկավարների, արտաքին գործոց նախարարների մակարդակով խօսել, ինչո՞ւ չի կարելի նոյնն անել աւելի լայն շրջանակներում։
Սպառազինութիւն
Մենք 2018-ի մայիսից քայլեր ենք անում սպառազինութեան, թեխնիքայի ձեռքբերման ուղղութեամբ։ Միեւնոյն ժամանակ, ռազմաարդիւնաբերութեան ոլորտում կառուցուածքային եւ բովանդակային փոփոխութիւն ենք իրականացնում։
Հայաստանը պէտք է արհեստագիտութեամբ զարգացած երկիր լինի եւ մենք այդ ուղղութեամբ ենք գնում։
ՀԱՊԿ, ԵԱՏՄ
Այս կազմակերպութիւնների նկատմամբ իմ յարգանքը եւ վերաբերմունքն էականօրէն բարձրացել է։ Այս կառոյցներում տեղի են ունենում բովանդակային, շահագրգիռ, երբեմն էլ նոյնիսկ բուռն քննարկումներ։
Կարեւորում ենք մեր նախագահութիւնը ԵԱՏՄ-ում, յոյս ունենք, որ կազմակերպութեան արդիւնաւէտութեան մակարդակը կը բարձրանայ։
Ունենք 8 տասնեակ խոչընդոտներ, որոնց յաղթահարման համար ամէն ինչ պէտք է անենք։
Ռոպերթ Քոչարեանի դատավարութեան մասին
Այդ դատական գործընթացը չեմ մեկնաբանի։
Մեր ընդհանուր խնդիրն այն է, որ մենք ունենանք այնպիսի դատարան, որ ե՛ւ Ռոպերթ Քոչարեանի հարցը, ե՛ւ ցանկացած քաղաքացու հարց քննարկի իսկապէս օրինականութեան եւ առարկայականութեան շրջանակում։
Եթէ հաշուեյարդարի տրամադրութիւն լինէր, ապա դրա հնարաւորութիւնը, ժամանակը եւ միջոցը կարող էր լինէր։
Խնդրում եմ որեւէ գործողութիւն չդիտարկել անձնական զգացումների եւ պատկերացումների շրջանակում։
Դատական համակարգ
Ես հարիւր տոկոսով չեմ կարող ասել, որ այսօր դատական համակարգում կաշառք չկայ։
Մենք խնդիր ունենք մեր դատական համակարգը բերել եւրոպական չափանիշի։ Դատաւորների ընկերային երաշխիքներին ուղղուած քայլեր են արուել, մշակւում են նոր օրէնքներ, քննարկումներ են գնում դատական համակարգի բեռնաթափման մասին։
Մենք պէտք է գնանք մինչեւ վերջ եւ ունենանք իրապէս անկախ դատական համակարգ։
«Միլիոնաւոր տոլարներ՝ կառավարութեան դէմ սեւ PR-ի համար»
Օրական միլիոնաւոր տոլարներ են ծախսւում կառավարութեան դէմ սեւ հակաքարոզչութիւն անելու համար։
Կառավարութիւնը դրա դէմ ոչ մի գործողութիւն չի ձեռնարկում, որովհետեւ մեզ համար խօսքի ազատութիւնը բացարձակ արժէք է։
Այդ շրջանակները պէտք է հասկանան, որ իրենք ՀՀ քաղաքացիների շրջանում աջակցութիւն չեն կարող ունենալ։
«Սահմանադրական փոփոխութեան անհրաժեշտութիւն չկայ»
Սահմանադրութիւնը կենդանի օրկանիզմ է եւ կարող է փոխուել։ Սակայն, մենք այսօր կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտութիւն չենք տեսնում, քանի դեռ յստակ փաստարկներ չկան, թէ ինչու պէտք է դա անենք։
«Դժգոհութեան ալիք չկայ»
Հայաստանում հասունացող դժգոհութեան ալիք չկայ: 24 տարի ասում էին՝ ժողովրդի մտայնութիւնը վատն է, ժողովուրդը սիրում է կաշառք վերցնել։ Բա ինչպէ՞ս ստացուեց, որ նախորդ տարուայ ընտրութիւնները այժմ միջազգային հարթակներում որպէս օրինակ են բերում։
Եթէ այսօր ընտրութիւններ տեղի ունենան, ես վստահ եմ, որ «Իմ քայլը» դաշինքը կը յաղթի, գուցէ՝ աւեի բարձր ցուցանիշներով։
Անկախ Հայաստանում երբեք քաղաքական վիճակն այսքան կայուն չի եղել, ժողովրդավարապէս կայուն, ոչ թէ ռեփրեսիւ (ճնշողական) կայուն։
«Կան մարդիկ, որոնք յեղափոխութիւնից յետոյ աւելի լաւ չեն ապրում»
Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք յեղափոխութիւնից յետոյ աւելի լաւ չեն ապրում։ Բայց հարցն այն է՝ կա՞ն մարդիկ, որ աւելի վատ են ապրում։
2018-ի սեպտեմբերին խօսւում էր հաւանական գնաճի մասին։ Մենք կարողացանք յստակ գործողութիւններով գնաճը զսպել։ Երկրում ամենակարեւոր փոփոխութիւնն այն է, որ այլեւս չկայ էլիթա, որ ասում է՝ եկէք բրինձ բաժանենք, կարտոֆիլ բաժանենք։
Մենք ասում ենք՝ մենք չենք թալանելու ու չենք բաժանելու, մենք հնարաւորութիւններ ենք ընձեռելու, մենք պէտք է անենք ամէն ինչ, որպէսզի մարդիկ աշխատեն։
«Ձախողումներ չենք ունեցել»
Մեր պետական կառավարման համակարգում չկայ որեւէ պաշտօնեայ, որը ձախողել է, ուրիշ բան է, որ արագութեան խնդիր կայ։
Կաշկանդուած չեմ ասել «ցտեսութիւն» յեղափոխական պաշտօնեաներին:
Կան թերութիւններ եւ բացթողումներ։ Մեր հիմնական խնդիրը մեր որակը բարձրացնելն է։
«Գոհ եմ պարգեւավճարային սքանտալից»
Շատ խնդիրներ են եղել։ Ամէն սքանտալից յետոյ, պաշտօնեան աւելի պատասխանատու է դառնում, քան որ նորը գայ եւ ամէն ինչ նորից սկսի։
Ես գոհ եմ պարգեւավճարային սքանտալից, քանի որ նման քննարկում պէտք է ունենայինք։ Պետական կառավարման համակարգում պէտք է աշխատավարձերը լինեն պատշաճ՝ հանրութեանը լաւագոյնս ծառայելու համար։
«Իմ ընտանիքն իր կարգավիճակը երբեք չի չարաշահելու»
Իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ եղել եմ գործազուրկ եւ ապրել եմ ծայրայեղ ծանր պայմաններում, երբ իմ դէմ ահաբեկում էր իրականացւում, երբ բանտում էի եւ երբ ոչ բազմամարդ հանրահաւաքներ էի իրականացնում։
Ակնկալիքն այն է, որ ես հիմա իմ ընտանիքից հրաժարուե՞մ։ Ինձ համար իմ ընտանիքը շատ կարեւոր է։
Մենք մեր կարգավիճակը երբեք չենք չարաշահելու։ Մենք ճոխութիւններ չենք ունեցել եւ չենք սիրել։ Այնպէս չէ, որ կառավարական առանձնատունը մեզ հաճոյք է պատճառում։
Չեմ պատկերացնում, որ ես գնամ Ղարաբաղ եւ այնտեղ ծառայող իմ տղայի մօրը եւ քոյրերին իմ հետ չտանեմ։
Լրատուական գործակալութիւններու մասին
Մենք աշխատում ենք լրատուամիջոցների աջակցութեան հիմնադրամ ձեւաւորելու ուղղութեամբ, որը լինելու է կառավարութիւնից անկախ։
Այս կերպ ցանկանում ենք՝ չէզոք գործընկերներ ներգրաւել, որ լրատուամիջոցներին որոշակի ֆինանսական աջակցութիւն ցոյց տրուի։
Մենք պէտք է արձանագրենք, որ խնդիր կայ եւ պէտք է այն միասին լուծենք։
Մենք հակամամուլային գործողութիւն չենք իրականացնելու, բացառութեամբ երբ օրէնքի կոպիտ խախտում լինի։
«Տարբերութիւն չկայ՝ ում են պատկանում սրճարանները»
Այնպէս չէ, որ ինձ բերել են քարտէզ, ու ես խաչ եմ քաշել հենց Միքայէլ Մինասեանին պատկանող սրճարանների վրայ։ Այդտեղ իրաւական ձեւակերպումների խնդիր կայ։
Ես գիտեմ, որ սրճարանների մի մասի դէպքում քաղաքապետարանը կարողացել է միակողմանի լուծել պայմանագրերը, որոշ դէպքերում հնարաւոր է դատական գործընթաց սկսել։
Ինձ համար բացարձակ տարբերութիւն չկայ՝ ում են պատկանում սրճարանները։ Անգամ եթէ իմ հարազատ եղբօրը պատկանէին, ոչինչ չէր փոխուելու։