Արեգ Միքայելյան. Բյուրականի Աստղադիտարանի տնօրեն
Դեռևս մարդիկ կան, նույնիսկ մեզանում, ովքեր կարծում են, թե Լեռնային Ղարաբաղի Խորհրդային Միության կողմից ձևավորած 4.4 հազար քառ․ կմ սահմաններից դուրս՝ հարակից տարածքում, Ադրբեջանն է։ Եվ այժմ էլ, երբ խոսում են «հարակից տարածքների» (7 շրջաններ՝ 7.1 հազար քառ․ կմ) մասին, մոռանում են, որ դրանք ևս բռնի կերպով Հայաստանից խլված հողեր են։ Մեր պատմական հողերն իրականում շատ ավելի են տարածվում դեպի արևելք։ Այս 7 շրջաններից դուրս են մնացել Գանձակը, պատմական Արցախի և Ուտիքի զգալի տարածքները։
Սելջուկ-թյուրքերի (11-րդ դարի կեսեր, Մանազկերտի ճակատամարտ՝ 1071թ․), այնուհետև մոնղոլ-թաթարների (13-րդ դարի սկիզբ) արշավանքների հետևանքով Հայաստանը ոչ միայն կորցրեց իր պետականությունը, այլև դարեր շարունակ մնաց նրանց տիրապետության տակ։ Սակայն 16-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանին տիրեցին պարսիկները, ինչը շարունակվեց ավելի քան 300 տարի (Սեֆյաններ և այլ դինաստիաներ՝ 1501-1828, մինչև Ռուսաստանի կողմից գրավումը)։ Այս ընթացքում ստեղծվել են մի շարք խանություններ՝ Ղարաբաղի, Գյանջայի (Գանձակի), Շիրվանի, Թալիշի, Ուրմիայի, Թավրիզի, Խոյի, Մակուի և այլ։ Հատկանշական է, որ Սեֆյանների օրոք Ղարաբաղի խանությունն ամենամեծերից մեկն էր։
Ինչպես ցարական Ռուսաստանը, այնպես էլ Խորհրդային Միությունն այս տարածքները՝ մինչև Կասպից լիճ, արհեստական վարչական բաժանման արդյունքում է առանձնացրել որպես «Ադրբեջան»։ Տարբեր պատճառներով տարբեր տարիներին այդ «Ադրբեջանի» (ցարական Ռուսաստանի Կասպյան նահանգի) կազմում են հայտնվել Արցախը, Նախիջևանը, նույնիսկ Զանգեզուրն ու ներկայիս Հայաստանի հյուսիս-արևելյան և ներկայիս Վրաստանի հարավ-արևելյան շրջանները։ Սակայն սա իհարկե չի կարող նշանակել, որ հետագայում «Ադրբեջան» անունով ստեղծված պետությունը կարող է հավակնել այդ հողերին։ Պատմականորեն, ներկայիս Ադրբեջանի տարածքում եղել են Աղվանքը (Կովկասյան Ալբանիան), որը եղել է Հայաստանի բարեկամ պետություն և մեծապես եղել է Հայաստանի ազդեցության տակ, և Ատրպատականը, որի մայրաքաղաքն էր Գանձակը և որը ժամանակին եղել է Տիգրան Բ Մեծի Հայաստանի կազմում։ Հավանաբար, «Ատրպատական»-ից էլ հետագայում առաջացել է «Ադրբեջան» տեղանունը, քանի որ տարբեր լեզուներում այն հնչում էր որպես «Ադարբադագան», «Ադարբայագան», «Ադրաբինոն», «Ադորբայան»։ Բայց «Ատրպետական»-ից ածանցված նոր տեղանունը բացարձակապես կապ չի ունեցել և չունի այդ տարածքում ներկայումս իշխանություն ունեցող, իրենց ադրբեջանցի կոչող թուրք-թաթարների հետ։
Թե ինչու զգալի տարածքներ միացվեցին Ռուսաստանի այդ արևելյան նահանգին, այլ ոչ թե Երևանի կամ Նախիջևանի նախկին պարսկական խանությունների վարչական տարածքներին, որովհետև 19-րդ դարասկզբին ռուսական զորքերը դրանք ավելի վաղ նվաճեցին Պարսկաստանից (1813թ․), քան Երևանի և Նախիջևանի խանությունները (1828թ․)։ Ռազմական տեսակետից, դրա պատճառն այն էր, որ ռուսական զորքերի առաջխաղացումը տեղի ունեցավ արևելքից, զուտ հարթավայրային պայմաններում ավելի հեշտ շարժվելու շնորհիվ։ Նույն պատճառով էլ ներկայիս Վրաստանի հարավ-արևելյան շրջանները նույնպես եղել են «Ադրբեջանի» կազմում։ Նույնը տեղի ունեցավ նաև 1920-ին սովետական «կարմիր» բանակի առաջխաղացման դեպքում։ Ստացվում է, որ միանգամայն արհեստական պատճառով այդ տարածքները տրվեցին «Ադրբեջանին», և այսօր անիմաստ ու անհիմն վեճ ու հավակնություններ են ծավալվել այդ հողերի շուրջը։
Ցարական Ռուսաստանը 19-րդ դարի սկզբից մեկը մյուսի հետևից Պարսկաստանից պատերազմով նվաճեց այն խանությունները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ, ապագայում դառան Խորհրդային Ադրբեջանի բաղկացուցիչ մասը՝ Գյանջան, Ղարաբաղը, Շաքին, Ղուբան, Շիրվանը, Բաքուն, Թալիշը: 1804-1813 թթ․՝ Ալեքսանդր I ցարի օրոք, ռուս-պարսկական պատերազմն ավարտվեց ռուսների հաղթանակով՝ Գյուլիստանի պայմանագրով (1813թ․ հոկտեմբերի 12)։ Այդ ժամանակ ռուսները կարողացան գրավել նաև Արցախն ու Սյունիքը, և, քանի որ դրանք Հայաստանի համեմատաբար փոքր մասն էին կազմում, առանձին վարչական կարգավիճակ չստացան և պարզապես «միացվեցին» Ադրբեջանի նահանգին։
Երբ 1828-ին՝ Նիկոլայ I ցարի օրոք, ռուսները գրավեցին ողջ Անդրկովկասը՝ Երևանի և Նախիջևանի նախկին պարսկական խանությունները նույնպես (1826-1828թթ․ ոռւս-պարսկական պատերազմ, Թուրքմենչայի պայմանագիր՝ 1828թ․ փետրվարի 21), նրանք Անդրկովկասը բաժանեցին երեք հիմնական նահանգների՝ Վրացական, Կասպյան և Հայկական: Կասպյան նահանգը տարածքով մոտավորապես համապատասխանում էր ներկայիս Ադրբեջանին: Զանգեզուրը մաս էր կազմում Կասպյան նահանգի, իսկ ժամանակակից Ադրբեջանի հյուսիս-արևմտյան մի շարք շրջաններ՝ Ղազախ, Թովուզ, Աղստաֆա, Գետաբեկ, Գյանջա, մաս էին կազմում Վրացական նահանգի:
1840 թվականի նոր վարչական բաժանման արդյունքում Կասպյան նահանգի տարածքը զգալիորեն մեծացավ, քանի որ նրան կցվեց Դաղստանի մի մասը: Հինգ տարի անց ռուսները նոր բաժանում կատարեցին՝ վերացնելով Կասպյան նահանգը: Նրա տեղում ստեղծվեց Շամախիի նահանգը, որը տարածքով համապատասխանում էր 1828-ի Կասպյան նահանգին: Դաղստանի մասն առանձնացավ և ստացավ Դերբենդի նահանգ անվանումը: Զանգեզուրը և Ղարաբաղը մտնում էին Կասպյան, ապա Շամախիի նահանգի վարչական կազմի մեջ: Այստեղից իհարկե չի հետևում, որ ներկայիս Ադրբեջանը կարող է նաև հավակնություններ ունենալ Ռուսաստանի մաս կազմող Դաղստանի վրա։
1868-ին՝ արդեն Ալեքսանդր II ցարի օրոք, Շամախիի նահանգը բաժանվեց երկու մասի՝ Բաքվի և Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգների: Զանգեզուրը և Ղարաբաղը մնացին Ելիզավետպոլի նահանգի կազմում: Ավելին, մինչև այդ Թիֆլիսի նահանգի մեջ մտնող և այսօրվա Հայաստանի Հանրապետության մաս կազմող Լոռու և Տավուշի մարզերի տարածքները ևս անցան Ելիզավետպոլի նահանգի կազմ: Այս վիճակը շարունակվեց մինչև 1918 թվականի մայիս, երբ անդրկովկասյան երեք հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը:
Այսպիսով, Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ հայտնվել է 1918 թ․, Երբ Ռոմանովների ռուսական կայսրությունն անկում ապրեց (բուրժուադեմոկրատական հեղափոխություն՝ 1917թ․ փետրվարի 23, ցարի հրաժարական՝ մարտի 2), բոլշևիկները վերցրին իշխանությունը (1917թ․ հոկտեմբերի 25), Սովետական Ռուսաստանը դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից (Բրեստ-Լիտովսկի պայմանագիր՝ 1918թ․ մարտի 3), իշխանությունը պահպանելու նպատակով հետ քաշվեց զգալի տարածքներից, և Անդրկովկասյան երեք հիմնական և թվաքանակով ամենամեծ ժողովուրդները՝ մահմեդականները (կովկասյան թաթարներ կամ թուրքեր), վրացիները և հայերը հռչակեցին իրենց անկախ հանրապետությունները՝ Վրաստան (մայիսի 26), Հայաստան (մայիսի 28) և Ադրբեջան (մայիսի 28): Հայաստանի անկախացման և դաշնակցական պետության պահպանման հարցում կարևոր էր նաև այն, որ հայերը կարողացան դիմակայել Թուրքիային (Բաշ-Ապարանի ճակատամարտը մայիսի 23-29, Ղարաքիլիսայի ճակատամարտը մայիսի 25-30, Սարդարապատի հերոսամարտը մայիսի 22-29)։ Վրաստանի և Ադրբեջանի համար անկախացումն ավելի հեշտ տեղի ունեցավ, քանի որ չկար թուրքերի դեմ կռվելու գործոնը։
Կարևոր է շեշտել, որ եթե Հայաստանն ու Վրաստանն առնվազն մ․թ․ա․ I հազարամյակից սկսած ունեցել էին իրենց անկախ պետականությունները, ապա Ադրբեջան անունով պետությունը նորություն էր: Առաջին մայրաքաղաքը Գյանջան (Գանձակ, Ելիզավետպոլ, Կիրովաբադ) էր, քանի որ 1918-ի մայիսին՝ անկախ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հռչակման պահին, Բաքուն գտնվում էր Ստեփան Շահումյանի ղեկավարած Բաքվի կոմունայի վերահսկողության տակ: Այնուհետև՝ 1918-ի սեպտեմբերին, թուրքական զորքերի օգնությամբ և մասնակցությամբ գրավվեց Բաքուն, տեղի հայերը ենթարկվեցին կոտորածի (առնվազն 9000 հայ կոտորվեց) և Գյանջայում գտնվող Ադրբեջանի կառավարությունը հաստատվեց Բաքվում: Սակայն շուտով՝ 1918թ․ հոկտեմբերի 30-ին, Անտանտի ներկայացուցիչների և Թուրքիայի միջև կնքված Մուդրոսի զինադադարով արդեն նախատեսվում էր թուրքական զորքերի դուրսբերումը Անդրկովկասից։ 1918 թ․ նոյեմբերի 11-ին ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը և, թեև Թուրքիան՝ որպես Գերմանիայի դաշնակից, պարտվողների թվում էր, շուտով վերսկսեց իր հավակնությունները դեպի արևելք, այսինքն ՀՀ արևմտյան սահմանները։ Յոթ դար անկախությունից զրկված Հայաստանը, մեծ դժվարությամբ մի փոքր տարածքում վերականգնվելուց հետո, 1918-1920 թթ․ ընթացքում կենաց ու մահու կռիվ տվեց գոյատևման և տարածքների պահպանման համար Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի դեմ։ Վերջին՝ ճակատագրական հարվածը, սովետական զորքերի կողմից էր, որոնք արդեն 1920թ․ ապրիլի 28-ին գրավել էին Ադրբեջանը և արշավում էին Հայաստանի ուղղությամբ։ Արդյունքում զգալի տարածքներ կորցնելուց հետո, Հայաստանի անկախությունն ընկավ Սովետական Ռուսաստանի և հայ բոլշևիկների համատեղ ջանքերով՝ 1920 թ․ նոյեմբերի 29-ին։ Այդ օրը խորհրդային ժամանակներում Հայաստանի թերևս գլխավոր տոներից մեկն էր․․․
Ցավալին այն է, որ բոլոր արևելյան և հարավ-արևելյան հողերը, որոնք սովետական զորքերը գրավել էին 1920թ․ ապրիլ-նոյեմբեր ամիսներին, արհեստականորեն միացվեցին ավելի վաղ գրավված Ադրբեջանին։ 19-րդ դարասկզբի պատմությունը կարծես կրկնվեց, և զուտ արհեստական պատճառով Հայաստանը՝ թեև ոչ լիարժեք անկախ, նորից հողեր կորցրեց։ Ավելին, ռուսական զորքերին դիմադրելու պատճառով Հայաստանը կորուստներ կրեց նաև Թուրքիայից՝ արևմտյան ճակատում, և արդյունքում ձևավորվեց Խորհրդային Հայաստանի և ներկայիս տարածքը։ Սովետական զորքերն անկախ Վրաստանը գրավեցին արդեն 1921թ․ մարտի 18-ին։
Այսօրվա Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանը երբեք չի եղել ո՛չ Կասպյան, ո՛չ Շամախիի և ո՛չ էլ Ելիզավետպոլի նահանգի կազմում և միայն 1921-ին է միացվել Խորհրդային Ադրբեջանին՝ բոլշևիկների և քեմալականների պայմանավորվածության արդյունքում: Մինչ այդ Նախիջևանը և նրան կցված Շարուրը եղել են Հայկական մարզի և Երևանի նահանգի կազմում: 1919 թվականի կեսերին, ընդամենը երկու ամիս, Նախիջևանը եղել է ՀՀ կազմում: Շարուրը ՀՀ կազմում եղել է ավելի երկար՝ մինչև 1920-ի հոկտեմբեր: Ե՛վ Նախիջևանը, և՛ Շարուրը, ինչպես նաև Կարսն ու Սուրմալուն, կորցրել ենք Հայաստանի Հանրապետության և հաջորդող տարիներին՝ 1918-1920 և 1921 թթ․: Նախիջևանը և Շարուրը մեզանից գրավել են Ադրբեջանի թուրք-թաթարական ուժերը, իսկ Սուրմալուն և Կարսը՝ քեմալական թուրքերը:
1991-ի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանն իրեն հռչակեց անկախ պետություն և 1918-1920 թթ․ Ադրբեջանի իրավահաջորդ։ Սակայն մինչ այդ՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղը, իսկ սեպտեմբերի 21-ին Հայաստանն արդեն հռչակվել էին անկախ պետություններ։ Ի դեպ, Խորհրդային Միությունը դեռ ձևականորեն գոյություն ուներ և լուծարվեց միայն նույն տարվա դեկտեմբերի 26-ին։ Եթե շարժվենք Խորհրդային Միության սկզբունքներով (մասնավորապես՝ հանրապետութւյունների և մարզերի վարչական սահմաններով, ինչպես նաև իրավական ակտերով), ապա որևէ տարածք (այդ թվում հենց Ռուսաստանը, որն ամենաուշն անկախացավ՝ դեկտեմբերի 25-ին) դեռ անկախ չէր։ Բնականաբար, հիմա ոք չի ընդունում այդ սկզբունքները և ստացվում է, որ պետք է ճանաչենք ԽՍՀՄ տարածքում նոր ձևավորվող երկրների հռչակագրերը, երրորդ տարբերակ պարզապես չկա։ Ադրբեջանի հռչակագիրը հակասում է ազգերի ինքնորոշման իրավունքին և ագրեսիվ բնույթ է կրում, քանի որ նրանք անկախ Ադրբեջան են հռչակել, ներառելով արդեն անկախացած Արցախի տարածքը։ Թերևս մեր դիվանագետների բացթողումն է, որ հետագա ամիսներին և տարիներին չկարողացան հիմնավորել և ստիպել ճանաչել հայկական պետության սահմանները կամ գոնե Արցախը որպես անկախ պետություն։
Հատկանշական է, որ շատերը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունները, լիովին իրավական են համարում ամբողջ պատմության ընթացքում 2 տարուց էլ պակաս անկախություն ունեցած Ադրբեջանի ներկայիս հավակնությունները, իսկ հազարամյա պատմություն ունեցող հայկական պետության սահմանները կասկածի տակ են դնում։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ