image
Հրատապ լուրեր:

Թուրքիայի «հայ հեղինակություն» Սարգսին անդրադարձել է նաև արտասահմանյան մամուլը. լուսանկարներ

Թուրքիայի «հայ հեղինակություն» Սարգսին անդրադարձել է նաև արտասահմանյան մամուլը. լուսանկարներ

The Wall Street Journal-ն անդրադարձել է Կեսարիայում ապրող միակ հայի՝ Սարգիս Թեքեի կյանքին՝ նրան անվանելով  իր կենդանությամբ միակ վկան՝ Կեսարիայում երբևէ գոյություն ունեցած հայկական կյանքի: Սարգիս Թեքեին մամուլը հաճախ է անդրադառնում, նրա հետ հարցազրույց է  արել նաև Թուրքիայում լույս տեսնող «Ակոսը», գրելով,  որ  Կեսարիայի Թալաս գավառում ապրող միակ հայը՝ Սարգիս Թեքեն,  իր ապրած կյանքով դարձել է շրջանի հեղինակությունը: Նրա մականունը «քաբադայ» է, ինչը «քաջ»,  «կռվազան» իմաստն ունի: Սարգիս Թեքեն շրջանում հեղինակություն է վայելում նախ քաջության, ապա՝ հայության հետք չպահպանած այդ շրջանում իր արմատներից չհրաժարվելու, հայկական ինքնությունը համառորեն պահելու համար: Նա թևի վրա դաջել է  անունը՝ Սարգիս և ընդունում ու ճանապարհում է շրջան այցելող բոլոր հայերին: Երբ նրան հարցնում են, թե ինչո՞ւ է անունը դաջել թևին, ասում է՝ մարդ ես, չպատահի վախենաս, ինքնությունդ ուրանաս:



 

Սարգիս Թեքեն յուրացրել է «հեղինակություն» մականունը և նշում է, որ այն երբեք չպետք է շփոթել այլ պիտակի հետ. «Այս բառի իմաստը խորն է: Նախ դաստիարակված, բարեկիրթ պետք է լինի «քաբադայը»: Պիտի իմանա թե իր տեղը և թե դիմացինի արժանիքը և այդ արժանիքին համապատասխան պիտի վերաբերվի շրջապատին: Այդ մականունը կրողը օրինակելի պիտի լինի: Հեռու պիտի լինի հանցանքից ու հանցագործությունից, կռվից ու կռվազանությունից: Բայց եթե պետք է՝ առանց աչքը թարթելու պիտի մտնի կռվի մեջ»,-Սարգիս Թեքեի խոսքերն է փոխանցել թերթը:

Թալասի վերջին հայն ասել է, որ այդ սկզբունքները գործադրելով է, որ ինքը կարողացել է  չհեռանալ 300 տարվա կենսագրություն ունեցող իր պապենական տնից և բնակվել այնտեղ: 


 

«100 տարի առաջ Թալասի բնակչության մեծամասնությունը հայեր էին, բոլորն էլ գաղթեցին: Նախ՝ Պոլիս, ապա՝ ԱՄՆ կամ Եւրոպա գնացին: Այն, ինչ որ մնացել էր նրանց նախնիներից,  կողոպտվեց տեղացիների կողմից: Իմ ունեցվածքի վրա էլ աչք ունեին: Ես տեր կանգնեցի, իմ պապենական ունեցվածքը պահելու համար մարդ էլ սպանեցի, այդ էլ հատուցեցի, 12 տարի բանտարկվեցի, այսօր արդեն հպարտությամբ եմ ապրում Թալասում, բոլոր թշնամիներս էլ թողել հեռացել են»,-պատմել է շրջանի ամենաքաջ մարդու համբավ ունեցող հայը: Նա ավելացրել է, որ կյանքի հանգամանքներն այնպես են դասավորվել, որ չի ամուսնացել, ընտանիք չի կազմել, նշելով, որ կյանքն ամեն մեկի համար մի ճանապարհ է բացել, իր ճանապարհն էլ այն կյանքն է, որով այսօր ապրում է: