image

Զարուհի Բաթոյեան պիտի դատապարտուի.«Իրաւունք» թերթի հրապարակումը

Զարուհի Բաթոյեան պիտի դատապարտուի.«Իրաւունք» թերթի հրապարակումը

«Իրաւունք» թերթը կը գրէ. «ՀՀ հաշուեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկոյց, որտեղ տեղ են գտել Սոցապնախարարութիւնում յայտնաբերուած հրէշաւոր խախտումների մասին տեղեկութիւններ: Փաստերն արդէն իսկ ուղարկուել են դատախազութիւն: Դրանք վերաբերում են 2019 թուականի յունուարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատուածին, երբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյեանն էր:

Համաձայն զեկոյցի՝ պարզուում է, որ կոռուպցիայի եւ թալանի մասին սրտաճմլիկ ելոյթներ ունեցող այս իշխանութիւնն է հենց թաթախուած այդ ամէնի մէջ:

Օրինակ՝ 2019 թուականի օգոս­տոսի 10-ին մահացել է մի քաղա­քացի, որը մահից երկու օր անց «պրոթեզաւորուել է» եւ նաեւ «դի­մում է գրել»: Պետական ծրագրերով լսողական սարքեր եւ հաշմանդամի սայլակներ են ձեռք բերուել, ու յայտնաբեր­ուել է, որ 67 շահառուներ երկրում չեն եղել, ընդ որում՝ դրանցից 40-ը մինչեւ 2019 թուա­կանը լքած են եղել հանրապետութիւնը: Նոյն ծրագրով պարզուել է նաեւ, որ սրունքի պրոթեզաւորման վճարները 59 հազար դրամով աւել են եղել, քան նախա­տեսուած է եղել մրցութային ծրագրով եւ կնքուած պայմանագրում: Անօթեւանների համար նախատեսուած ծախսերով 22 հա­զարից աւել անձ է սպասարկուել, եւ 16 մի­լիոն դրամից աւել գերածախս են տուել: Եղել են դէպքեր, երբ պարզուել է, որ տուն- ինտերնատի 11 բնակիչների անունով կա­տարուել է օրէնքի խախտումներով անշարժ գոյքի գործարքներ, որոնցից 10-ը՝ առանց խնամակալի մասնակցութեան: Այդ թուում՝ տուն-ինտերնատում բնակուող շահառուն, որը, գլխաւոր տնօրէնի պարզաբանմամբ, չի լքել տուն-ինտերնատը, բայց 2019 թուականի մայիսի 2-ին եւ 2020 թուականի օգոստոսի 15-ին գործարքներ է կնքել Կադաստրի կոմիտէում եւ արդիւնքում վա­ճառել է իր անշարժ գոյքը: Եղել է նաեւ դէպք, որ 2019 թուականի փետրուարի 6-ին մահացել է քաղաքացի, սակայն մահից յետոյ ժառանգութիւն է ձեւակերպուել, եւ նորից Կադաստրում գործարքներ են կատարուել: Եւ սա ընդամէնը առկայ փաստերից մի քանիսն են:

Թէ այսպիսի աղաղակող փաստերի վե­րաբերեալ արդեօք կայ արդէն յարուցուած քրէական գործ դատախազութիւնում, «Իրաւունքը» հետաքրքրուեց ՀՀ գլխաւոր դատախազութեան հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրեանից: Նա տեղեկացրեց, որ վերոնշեալ փաստերը դեռ ուսումնասիրման փուլում են՝ ՀՀ գլխաւոր դատախազութեան պետական շահերի վարչութիւնում»:

Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուան թիւին մէջ: