Արշաւը նախաձեռնողներու աւելի վաղ տարածած յայտարարութեան մէջ նշուած էր. «Նոյն օրը մարդու իրաւունքների հազարաւոր պաշտպաններ խնդիրը բարձրաձայնելու են նաեւ Թորոնթոյում, Մոնրէալում, Պերլինում, Վարշաւայում, Հռոմում, Լոս Անճելոսում, Նիւ Եորքում, Ժընեւում, Հիւսթընում, Փարիզում՝ դուրս գալով փողոց եւ հնչեցնելով հայ ռազմագերիների վերադարձի պահանջը:
Ատրպէյճանի կառավարութիւնը հերքում է այն փաստը, որ պատերազմից 6 ամիս անց հարիւրաւոր հայեր պահուում են իրենց բանտերում՝ խախտելով Ժընեւի համաձայնագրերը, ինչպէս նաեւ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ռուսաստանի միջեւ կնքուած հրադադարի եռակողմ համաձայնագիրը:
HRW-ը վերջերս հրապարակած իր յօդուածում հաստատել է, որ Ատրպէյճանն ապօրինի կերպով պահում է հարիւրաւոր հայ ռազմագերիներ:
The Stream-ը յօդուած է հրապարակել, որում ներկայացուած է ատրպէյճանական գերութեան մէջ գտնուող հայ քաղաքացիների նկատմամբ իրականացուող խոշտանգումներն ու բռնութիւնները:
Արշաւի մասնակիցները կը շարունակեն ցոյցը Ռուսաստանի դեսպանատան մօտ՝ պահանջելով հարկադրել Ատրպէյճանին՝ հաւատարիմ մնալ եռակողմ պայմանագրի պայմաններին եւ վերադարձնել բոլոր հայ պատանդներին:
Պատերազմի հետեւանքները, ներառեալ պատերազմական յանցագործութիւնները, ինչպիսիք են ահաբեկիչների մասնակցութիւնը, ռազմագերիներին պատանդ վերցնելը, գլխատումները եւ ռազմագերիների սպանութիւնները, արգելուած զէնքի օգտագործումը, խաղաղ բնակիչների սպանութիւնները, ֆոսֆորային ռումբերի օգտագործումը անտառներում եւ քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծութիւնները՝ չեն մոռացուել եւ պէտք է արժանանան համապատասխան պատժի»: