Այսօր` հունիսի 29-ին, առավոտյան 10:25-ի սահմաններում Երևան-Սևան մայրուղու վրա տեղի էր ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար: Կար 6 տուժած, որոնցից 5-ը անչափահաս՝ 12-14 տարեկան երեխաներ։ Երեխաները ստացել էին միջին և ծանր, բաց և փակ բազմակի վնասվածքներ (պոլիտրավմաներ)։ Առաջին օգնությունը տուժածներին ցուցաբերել է Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության թիմը, որ մեկնում էր Վարդենիս`առաջին օգնության դասընթաց իրականացնելու։ Կարմիր խաչից տեղեկացնում ենմ որ ականատես լինելով կատարվածին՝ թիմն անմիջապես արձագանքել է՝ բոլոր տուժածներին ցուցաբերելով առաջին օգնություն, վիրակապելով և անշարժացնելով վնասվածքները։ Շտապ օգնության և փրկարարների ծառայությունները դեպքի վայր են հասել այն ժամանակ, երբ ՀԿԽԸ Առաջին օգնության թիմն ավարտել էր առաջին օգնության ցուցաբերումը։ Բոլոր տուժածները տեղափոխվեցին հիվանդանոց՝ հետագա բուժումը շարունակելու համար:
