ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցել է թուրքմեն հռչակավոր բանաստեղծ Մահթումկուլիի (Մահթումկուլի Ֆրագիի) ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում ենք, որ ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մաhթումկուլիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել է նրա անվան զբոսայգի, որտեղ, բացի Ֆրագիի հուշարձանից, տեղադրվել են նաև աշխարհի հայտնի մտածողների արձաններ։
Զբոսայգու՝ դասական բանաստեղծների նորաբաց ճեմուղում տեղադրվել է նաև հայ միջնադարյան հայտնի աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի (Հարություն (Արութին) Սայադյանի) արձանը՝ ի թիվս Դանթե Ալիգերիի, Շոթա Ռուսթավելու, Օնորե Դը Բալզակի, Յոյան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Հաֆեզ Շիրազի, Ֆյոդոր Դոստաևսկու և այլ համաշխարհային մտածողների արձանների։
Սայաթ-Նովայի արձանի բացման պատիվը վերապահվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանին։ Արձանի բացմանը ներկա են եղել Մահթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովի պատվիրակները։