image

Թող մեր Վահանը վերջին զոհը լինի. մի արեւ էլ հողին հանձնեցինք aravot.am

Թող մեր Վահանը վերջին զոհը լինի. մի արեւ էլ հողին հանձնեցինք  aravot.am

Քեսաբահայ Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվել է Երեւանի Շահումյանի գերեզմանոցում: Նրա ծնողները չեն մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա են եղել Սեւակ եղբայրը, երեւանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերներ, գրում է aravot.am-ը՝ անդրադառնալով մայիսի 28-ին Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» դժբախտ պատահարի հետեւանքով մահացած սիրիահայ Վահան Սուլյանին: 

Մայիսի 28-ին, Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահկանացուն կնքեց Սուրիայի Քեսաբից հայրենադարձած Վահան Սուլյանը, երբ փորձում էր իրենից առաջ սահած ընկերոջը փրկել: Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ: Աճապարելուց սայթաքել՝ վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը՝ ջրվեժի տակ… Վահանը հոգեւոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգեւորական: Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաեւ Արցախը: Երեւանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։ Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երեւանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երեւանի փողոցներով…

Վստահ ենք՝ այս դեպքը չէր լինի, եթե պատկան մարմինները («Հայանտառ» տնտեսությունը կամ բնապահպանության նախարարությունը, կամ բնապահպան ընկերությունները) մի փոքրիկ աշխատանք տարած լինեին ու շղթայով անջատեին վտանգավոր, հարթ գոտին, թեկուզ մեկ ցուցանակ տեղադրեին՝ «վտանգավոր է ջրվեժին մոտենալը»: Թող Վահանը վերջին զոհը լինի: Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վահան: Հիշատակդ վառ կմնա բոլորիս սրտերում… Ցավակցում ենք ծնողներին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին, սիրած աղջկան ու նրան բոլոր ճանաչողներին: