image

Ստամբուլյան օրագրություն՝ համավարակի և պատերազմի գծած ճանապարհները

Ստամբուլյան օրագրություն՝ համավարակի և պատերազմի գծած ճանապարհները

Արցախի պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Թուրքիայից հայաստանցիների վերադարձը հայրենիք, և հակառակը՝ դեպի Թուրքիա ետդարձը չի դադարել։ 77 ՀՀ քաղաքացի այս օրերին դեպի Հայաստան վերադարձի ճանապարհին են։ Որքան էլ ցավալի է այս ամենն արձանագրել, այդուհանդերձ սոցիալական անելանելի պայմանները ստիպում են մարդկանց  անցանկալի ընտրություն կատարել։ Ավելին՝ Արցախի պատերազմից առաջ Թուրքիայում ապրող հայաստանցիների ընտանիքները արդեն հայտնվել էին համավարակի ճգնաժամում՝ կանգնելով անհապաղ հայրենիք վերադառնալու խնդրի առաջ։ Հիմա էլ այդ համատեքստում շատ բան չի փոխվել։

«Համավարակի շրջանում ցամաքային ճանապարհով Թուրքիայից Հայաստան է վերադարձել շուրջ 430 ՀՀ քաղաքացի, իսկ վերադարձի հիմնական պատճառը գործազրկությունն ու ցածր վարձատրությունն էր, որի պատճառով չէին կարողանում իրենց տան վարձերը վճարել ու տարրական կենսագործունեությունն ապահովել։ Արցախի պատերազմի ընթացքում միայն ավտոբուսով Հայաստան է վերադարձել շուրջ 150 ՀՀ քաղաքացի, մեծ մասը՝ տարեցներ, սակայն շատերն էլ հայրենիք են մեկնել  ինքնաթիռով։

Ապրիլի 26-ին Թուրքիայից Հայաստան շարժվեցին 2 ավտոբուս՝ 77 ուղևորներով։ Համավարակի հետ կապված սահմանափակումների պայմաններում՝ առանց Թուրքիայի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախապես պայմանավորվածության և եռակողմ համաձայնության հնարավոր չէր լինի ՀՀ քաղաքացիների Թուրքիայից Հայաստան վերադարձի կազմակերպումը։ Մյուս կողմից՝ իրականում հարյուրավոր մարդիկ ուզում են մեկընդմիշտ վերադառնալ, սակայն, տասնյակ տարիներ այստեղ ապրելով, սեփական քրտինքով ունեցվածք են ստեղծել, և մաքսային նոր օրենքները բարենպաստ չեն, որպեսզի իրենց անձնական իրերը տեղափոխեն։ Ավելորդ փաստաթղթային քաշքշուք են ստեղծել, և նրանք փակուղու մեջ են հայտնվել՝ նախընտրելով մնալ Թուրքիայում նույնիսկ համավարակի և արցախյան պատերազմի ընթացքում։ Ավելին՝ տխրությամբ եմ արձանագրում, որ Հայաստան մեկնող ավտոբուսով պատերազմի ընթացքում 2400 կգ օգնություն ուղարկեցինք (զինվորների համար տաք հագուստ, ներքնազգեստ, ձեռնոցներ և այլն), որից 1500-ը հասավ Երևան․չգիտես ինչու՝ Բավրայից մինչև Երևան 900 կգ-ը կորավ։ Իսկ Երևանում այդպես էլ անհայտ մնաց 1500 կգ-ի ճակատագիրը (մաքսայինի պահեստից ուր գնաց՝ հայտնի չէ)։ Նրանք, ովքեր օգնության ձեռք էին մեկնել, այդպես էլ չտեսան, թե ուր գնաց Թուրքիայից Հայաստան հասած օգնությունը․․․»,-մեզ հետ զրույցում ասում է Թուրքիայից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի գործընթացի կազմակերպիչ, գործարար Գագիկ Մուշեղյանը։

Ինչպես ավելի հստակ երևաց համավարակի շրջանում և Արցախի պատերազմի ընթացքում, հայաստանցիները Թուրքիայում ժամանակ առ ժամանակ կանգնում են դժվարլուծելի խնդիրների առաջ։ Հաճախ այդ խնդիրները դառնում են պոլսահայ համայնքի առանձին կառույցների և անհատների, Պոլսո հայոց պատրիարքարանի մտահոգության առարկան, երբեմն էլ այդ խնդիրները լուծվում են հայաստանցիների համայնքի շրջանակներում՝ ինքնակազմակերպման միջոցով։ Ինչպես օրինակ՝ դա տեղի ունեցավ ՀՀ քաղաքացի Քրիստինե Առաքելյանի դեպքում։

Հիշեցնեմ, որ վերջերս Թուրքիայում գտնվող Քրիստինե Առաքելյանը անցկացրել է ուղեղի արյան զեղում և գամված է սայլակին։ Ամիսներ շարունակ Քրիստինեին Ստամբուլում խնամել է հայաստանցի Լուսինե Սարգսյանը՝ սուղ պայմաններում հոգալով անծանոթ հիվանդի բոլոր կարիքները թե՛ հիվանդանոցում, թե՛ իր տանը։ Քրիստինե Առաքելյանը Պոլսո Հայոց պատրիարքարանի, մասնավորապես տեր Շիրվան քահանա Մուրզյանի, ինչպես նաև հայաստանցիների և պոլսահայերի միասնական ջանքերի շնորհիվ մարտի 27-ին Թուրքիայից տեղափոխվեց Հայաստան։

Ստամբուլի Քոչ համալասարանի Սոցիոլոգիայի բաժնի ասպիրանտուրայի ուսանող, Միգրացիոն և միջմշակութային հարցերով հետազոտող  Իրենա Գրիգորյանը անդրադառնում է Ստամբուլում ապրող հայաստանցիներին մի քանի դիտանկյունից 

«Առհասարակ լրատվամիջոցներում և սահմանափակ թվով գիտական աշխատություններում Ստամբուլում ապրող հայաստանցիները չեն ներկայացվում  որպես գործուն համայնք, հատկապես երբ խոսքը վերաբերում է նրանց ներհամայնքային խնդիրներին ու համազգային հարցերին մասնակցությանը։ Նրանք ներկայացվում են որպես ներփակ, դժվարություններ կրող, աշխատանքից բացի այլ հարցերում հետաքրքրություն չցուցաբերող խումբ, մինչդեռ սա ընդհանրացված և պարզունակ տեսակետ է։ Իհարկե, այլ երկրներում 1990-ականներից ի վեր ձևավորված նոր հայ համայնքների համեմատությամբ՝ Ստամբուլում ապրող հայաստանցիներն ունեն ընդգծված խոցելիություն և որպես համայնքային հավաքական միավոր ավելի պասիվ են, բայց նրանք այնուամենայնիվ որպես համայնք զարգացնում են կազմակերպվածության և պատասխանատվության որոշակի մեխանիզմներ՝ դիմագրավելով իրենց առջև ծառացած արտաքին ու ներքին դժվարությունները։ Այս տեսանկյունից հետաքրքիր է դիտել պոլսահայ համայնքի, Պոլսո Հայոց պատրիարքարանի և հայաստանցիների համայնքի միջև զարգացող ու իրար փոխլրացնող համագործակցությունը։ Կարծում եմ՝ այն ավելի ցայտուն է դառնում հատկապես հավաքական մարտահրավերի, վշտի կամ լարվածության պարագայում, ինչպիսիք են օրինակ՝ կորոնավիրուսի վարակը կամ արցախյան պատերազմը։ Նման մարտահրավերները բնականորեն ստեղծում են անապահովության, աշխարհի կողմից լքված լինելու, շրջապատի հանդեպ անվստահության զգացումներ։ Ապրել մի հասարակությունում, որտեղ քո ճշմարտությունը չի ընդունվում ու չի ընկալվում մեծամասնության կողմից կարող է լինել բավական օտարացնող, թևաթափող ու զայրացնող, սակայն փաստ է, որ նման հավաքական կսկիծը, մտահոգությունը կամ վիշտը կարող են նաև հանգեցնել ներհամայնքային կապերի ամրապնդմանը, փոխօգնությանն ու նախաձեռնողականությանը»։

Անշուշտ, համավարակի ընթացքում բոլորի համար առաջնային է առողջ մնալը, իսկ Թուրքիայում ապրող հայաստանցիներից շատերը բժշկական ապահովագրություն չունեն, մինչդեռ առանց ապահովագրության նույնիսկ Թուրքիայի Հանրապետության քաղաքացու հիվանդանոց ընկնելն է նման արկածախնդրության։ Երկու ելք կա․ կա՛մ քեզ  հրաշքով նյութապես կաջակցեն, կա՛մ կմնաս անտեր։

 Իզմիրի մասնավոր հիվանդանոցներից մեկում անցյալ շաբաթ Covıd 19-ի բուժումն է ստացել հայաստանցի Անահիտ Հայրապետյանը։ Նա 13 տարի է իբրև դայակ աշխատում է Թուրքիայի Իզմիր քաղաքում՝ թուրք կին գործարար Ադվիյե Բերգեմաննի ընտանիքում՝ խնամելով նրա երեխաներին։ Եթե տիկին Ադվիյե Բերգեմաննը մեծահոգի և սրտացավ չլիներ իր հայ աշխատողի հանդեպ և սեփական միջոցներով վերջինիս բուժման ծախսերը չհոգար, ի՞նչ պիտի լիներ նրա հետ․․․ Մեկի բախտը բերում է, մյուսինը՝ ո՛չ։

Տիկին Անահիտը մեզ հետ զրույցում ասաց․«Օրեր շարունակ տիկին Բերգեմաննը հոգ է տարել իմ մասին ու ինձ տարել մասնավոր հիվանդանոց, որը շատ ծախսատար է։ Ես միայն բառերով չեմ կարող նկարագրել հարգարժան տիկին Ադվիյեի հոգատար ու սրտացավ վերաբերմունքը, ինչի համար երախտապարտ եմ։ Սեփական ընտանիքի անդամի պես են վերաբերվել ինձ։ Ամեն մեկը չէ, որ կարող է Թուրքիայում նույն բախտին արժանանալ։ Գուցե ե՛ս էլ թանկ եմ նրանց համար»։ 

Համավարակի սահմանափակումներից հետո տիկին Անահիտը մտադրված է Հայաստան վերադառնալ, քանի որ մի կողմից Իզմիրի երկրաշարժը, մյուս կողմից արցախյան պատերազմն ու համավարակը ազդել են իր ներաշխարհի վրա և մեկ վայրկյան ավել չի ուզում մնալ Թուրքիայում։

Թեև ներկա պահին համավարակի պատճառով ցամաքային ճանապարհը կարելի է ասել փակ է և նախկինի պես Ստամբուլ-Երևան, Երևան-Ստամբուլ երթուղին չի գործում, սակայն շտապ մեկնել ցանկացողները ճարահատյալ օգտվում են օդային թանկ ճանապարհից՝ տարանցիկ չվերթներով (Ստամբուլ-Կիև-Երևան, Ստամբուլ-Մինսկ-Երևան կամ Ստամբուլ-Մոսկվա-Երևան և հակառակը), միայն թե վայրկյան առաջ տուն հասնեն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում համավարակի տարածման պատճառով Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի մեկը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը՝ կանոնավոր և չարտերային չվերթները, իսկ Թուրքիան իր հերթին սկսել է համավարակի սահմանափակումները և տեղաշարժերի բարձր վերահսկողությունը։ Թուրքիայի Հանրապետության Առողջապահութան նախարար Ֆահրետտին Քոջան Գիտական խորհրիդի ապրիլի 12-ի նիստում նշել է, որ հատկապես Ստամբուլում մարտի սկզբի համեմատ վարակվածների թիվը 10 անգամ աճել է։ Այսպիսով համավարակի ճգնաժամը Թուրքիայում նոր փուլ է թևակոխում, որն իր հերթին կազդի նաև հայաստանցիների համայնքի վրա։ Ինչպես նախօրեին հայտնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ապրիլի 29-ից մինչև մայիսի 17-ը Թուրքիան անցնում է անխափան խիստ սահմանափակումների։

Թուրքիայում ապրող հայաստանցիները վերջին շրջանում հաճախ են լսում՝ հիմա Թուրքիայում ապրելը դժվար է նախադասությունը, սակայն միևնույն ժամանակ գիտակցում են, որ եղածի կողքին ավելի դառը ճշմարտություն կա՝ ետպատերազմյան Հայաստանում ավելի դժվար է, ավելին՝ դժվար բառը բավական չէ բնութագրելու մեր երկրի վիճակը։

Պատերազմի ընթացքում Թուրքիայում ապրող տասնյակ հայաստանցիների հետ զրույցի ժամանակ կարելի էր լսել նույն նախադասությունը․«Հիմա չենք ուզում գնալ, որ գոնե դրամով օգնենք մերոնց»։ Եվ իսկապես, պոլսահայերն ու հայաստանցիները նույնպես մասնակցեցին ինչպես համահայկականի դրամահավաքին, այնպես էլ անհատական դրամական և այլ օգնություններ ուղարկեցին պատերազմից տուժածների ընտանիքներին, որի մասին երբեք չեն բարձրաձայնել։

Ցավալին այն է, որ անկախության ժառանգությունը՝ արտագաղթը, հատկապես Արցախի այս պատերազմից հետո դեռ երկար ժամանակ  մեզ կհետապնդի՝ փոխելով շատերի կյանքի ուղղությունները նույնիսկ դեպի Թուրքիա։ Երբ նախկինում պոլսահայերը հայաստանցիներին հարցնում էին, թե ինչո՞ւ  են նրանք եկել Թուրքիա, պատասխանը չէր ուշանում՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժից մինչև Արցախի առաջին պատերազմ և այլն, թվարկում էին ինչուները։ Հիմա նրանք է՛լ չեն հարցնի, քանի որ ապրելով Թուրքիայում՝ ականատեսն են արցախյան վերջին ողբերգական պատերազմին, որը դժբախտաբար դեռ երկար ժամանակ անհետևանք չի մնա։

 

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

 

 

 

Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Ռազմիկի Պողոսյանը ծնվել է 1981 թվականի...