Միջազգային ամսագրերը, թերթերը, հեռուստատեսային ալիքները մեկ անգամ չէ, որ հաղորդումներ են պատրաստել մեր հայրենակից, Փարիզում աշխատող անկախ օծանելիքագործ Սեսիլ Զարուկյանի մասին: Նա օծանելիքներ, յուղեր եւ հոտավետ հեղուկներ արտադրող իր սեփական ընկերությունն ունի, որ հիմնադրել է 2011 թվականին, իսկ ընդհանրապես, օծանելիքագործության ասպարեզում է արդեն 15 տարի: Ամբողջ այս տարիների ընթացքում հայուհին ստեղծել է 100-ից ավելի բույրեր, ոչ միայն իր, այլեւ՝ եւրոպական, ասիական, լատինաամերիկյան ընկերությունների համար: Սեսիլի ստեղծած առաջին անուշահոտությունը Epic Woman-ն է, որն այսօր Amouage-ի ամենավաճառվող բուրմունքներից մեկն է:
Միլիոնավոր կանայք եւ տղամարդիկ սիրահարված են Սեսիլի հորինած բույրերին, որոնք ոչ միայն մարմնի համար են, այլեւ՝ տներում, գրասենյակներում հաճելի միջավայր ստեղծելու համար:
Միջազգային ընկերությունները Սեսիլ Զարուկյանին հաճախ են հրավիրում իբրեւ բույրերի խորհրդատու. նա շատ լավ է պատկերացնում, թե ինչպես կարելի է բույրերի միջոցով կառուցել մարդու եւ ընկերության իմիջն ու դրանով գնալ առաջ:
2020 թվականին գործածության մեջ մտավ Սեսիլ Զարուկյանի ստեղծած Granado-ի «Bossa»-ն՝ Carioca ապրանքանիշի 150-ամյակի կապակցությամբ:
Աշխարհահռչակ Amouage ապրանքանիշի համար Սեսիլը նույնպես բազմաթիվ բույրեր է ստեղծել, ինչպես նաեւ համագործակցել է նշանավոր այլ բրենդերի հետ՝ Nishane, Masque, Granado, Evody եւ այլն:
Հաճելի է տեսնել, որ աշխարհում հայտնի մյուս հայ օծանելիքագործի՝ Ֆրենսիս Քյուրքչյանի պես Սեսիլ Զարուկյանը նույնպես սիրված եւ ընդունված անուն է նորաձեւ ու բարձրակարգ օծանելիքների արտադրության բիզնես աշխարհում: