image

Ռոպերթ Քոչարեանը կը կարծէ` Հայաստանը չի կրնար արդիւնաւէտ գիւղատնտեսութիւն կամ արդիւնաբերութիւն ունենալ առանց մեծ շուկաներու

Ռոպերթ Քոչարեանը կը կարծէ` Հայաստանը չի կրնար արդիւնաւէտ գիւղատնտեսութիւն կամ արդիւնաբերութիւն ունենալ առանց մեծ շուկաներու

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանը, լինելով տարածքով և բնակչության թվով փոքր երկիր, չի կարող արդյունավետ գյուղատնտեսություն կամ արդյունաբերություն ունենալ և միշտ պետք է ձգտի դեպի մեծ շուկաներ։

Այս մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում քաղաքացիների հետ նախընտրական հանդիպմանը։

«Հայաստանը չի կարող իր մոտ 3 միլիոն բնակչությամբ ու իր տարածքով ինքնաբավ լինել բոլոր ուղղություններով և արդյունավետ գյուղատնտեսություն կամ արդյունաբերություն ունենալ։ Դա ուղղակի հնարավոր չէ։ Մոդելը մեծ շուկան է։ Այսօր Հայաստանն ունի այդ մեծ շուկան՝ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի շուկան է։ Մեր գյուղատնտեսական ապրանքների ավելի քան 90 տոկոսը գնում է Ռուսաստան։ Սա այն մոդելն է, որը հնարավորություն է տալիս զարգացնել երկիրը, արդյունաբերությունը, քանի որ արտադրված ապրանքները հնարավոր կլինի արտահանել այդ մեծ շուկա»,-ասել է Քոչարյանը՝ Հայաստանի ներկա իշխանություններին մեղադրելով այս մոդելը քայքայելու փորձերի մեջ։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա նախ նշել է, որ առաջին հերթին պետք է արտաքին աշխարհի հետ շփմամբ ապահովվեն երկրի անվտանգային և տնտեսական շահերը։

Քոչարյանը դիտարկմամբ՝ երկրի վարած արտաքին և տնտեսական քաղաքականությունները չեն կարող տարբեր ուղղություններով լինել, որովհետև արտաքին քաղաքականությունը պետք է սպասարկի տնտեսական շահերը։

«Վստահ եղեք, որ մեր իշխանության գալու պարագայում մենք շատ լավ հարաբերություններ ենք ունենալու Եվրոպայի հետ, շատ ավելի լավ՝ դաշնակցային հարաբերություններ ենք ունենալու Ռուսաստանի հետ, բայց երբեք նրանց հակասությունների արանքում և հարվածի տակ երկիրը չենք դնելու»,-հավաստիացրել է Քոչարյանը։

Ըստ նրա՝ իր նախագահության տարիներին` 10 տարի, անվտանգային ոլորտում անխափան աշխատել է «Մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից» մոդելը, որը, իշխանության գալու պարագայում,  կրկին վերականգնելու է։