Շարժական կապի ռուսաստանյան խոշորագույն օպերատոր եւ թվային ու մեդիա ծառայությունների առաջատար մատակարար «ՄՏՍ» ՀԲ ընկերությունը հայտարարում է, որ 100% բաժնեմասով հայաստանյան իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան» («Վիվա-ՄՏՍ», «Viva-MTS») ՓԲ ընկերության տնօրենների խորհուրդը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն է նշանակել Արմեն Ավետիսյանին: Մինչեւ նշանակումը Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է «ՄՏՍ» ՀԲԸ իրերի ինտերնետի եւ արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը: Մինչեւ նրա նշանակումը ընկերության գլխավոր տնօրենը լիբանանահայ Ռալֆ Յիրիկյանն էր, որ ընկերությունը գլխավորել է 2004 թվականին՝ հիմնադրվելու պահից։ Յիրիկյանն այժմ կզբաղվի այլ գործարար ծրագրերով: Նոր տնօրենի նշանակման մասին հայտնում են Վիվա-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Արմեն Ավետիսյանը ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքային գործունեությունն սկսել է 2004 թվականին՝ հեռահաղորդակցային եւ ՏՏ խոշոր ընկերություններում գլխավորելով տեխնիկական եւ կոմերցիոն վարչություններ: 2013-ից 2016 թվականների ընթացքում նա ղեկավարել է «ՄՏՍ» ընկերության մասնաճյուղը՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի մարզում, իսկ 2016-ից 2021 թվականների ընթացքում աշխատել է որպես «ՄՏՍ» ընկերության ռեգիոնալ զարգացման գծով տնօրեն: «ՄՏՍ» ընկերության՝ իրերի ինտերնետի եւ արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնն Արմեն Ավետիսյանը զբաղեցրել է 2021 թվականի մարտից մինչեւ գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարման ընթացքում կառուցել է ընկերության նոր բիզնես ուղղություն՝ իրերի ինտերնետի ոլորտում: Ավարտել է Ռուսաստանի՝ Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի «Բանկային գործ» ֆակուլտետը: