Ճամբարակում սգում են այսօր առավոտյան շենքի պայթյունից զոհված հինգ բնակիչների մահը։ Փլատակներից վերջինը դուրս են բերել Ճամբարակի «Արեւակ» մանկապատանեկան թատրոնի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանի դին։ Զովել է նաեւ նրա մայրը՝ 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը։ Մյուս զոհերն են՝ 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը եւ 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը։
«Արեւակ»-ի անդամները, սգալով թատրոնի տնօրենի մահը, գրել են․
«Թատրոնն այսօր լռել է։ Մեր բեմի լույսը մարել է, և այդ լռության մեջ մենք լսում ենք Ձեր ձայնը՝ խորհուրդ տվող, ոգեշնչող, սիրտ բորբոքող։
Դուք միայն ուսուցիչ չէիք։ Դուք շունչ էիք թատրոնի մեջ։ Ձեր ներկայությամբ բեմը ապրում էր, իսկ Ձեր բացակայությամբ այն խավարում է։
Առանց Ձեզ ամեն ինչ կիսատ է թվում։ Ձեր տված յուրաքանչյուր խորհուրդ, յուրաքանչյուր հայացք ու ժպիտ այսօր վերածվել են հիշողությունների, որոնք անսահման ծանր են, բայց անգին։
Դուք եղաք մեր Վարպետը՝ ամենա-ամենան։ Ոչ միայն մեզ ուսուցանեցիք խաղալ, այլև սիրել բեմը, գնահատել լռությունը, զգալ մարդու հոգին։
Մեր սրտերում դուք երբեք չեք հեռանա։ Թեև լույսը մարեց, բայց Ձեր վառած կրակը երբեք չի մարի։
Հանգչեք խաղաղությամբ, Վարպետ։ Թատրոնի հոգին այժմ երկնքում է»։
Ճամբարակի «Արեւակ» մանկապատանեկան թատրոնն իր տեսակով եզակի է հանրապետությունում․ այն տիկնիկային երգասաց թատրոն է, գեղարվեստական ղեկավար, ժողովրդական վարպետ Արթուր Սարգսյանը ոչ միայն մարզի պատանիների թատերական հետաքրքրությունն էր բավարարում, այլ նաեւ ջանում էր պահպանել թատերական այդ ժանրը։ «Արեւակ»-ը բազմաթիվ փառատոների է մասնակցել եւ մրցանակներ ստացել։