image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին

Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցին: 

Հանդիպմանը Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Հայր Թոմաս Շվարցին կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ու սոցիալական աջակցության ծրագրերի առնչությամբ, որոնք ուղղված են բռնի տեղահանված արցախահայերին, պատերազմից տուժած և կարիքավոր ընտանիքներին: Այս առիթով Նորին Սրբությունը կարևորեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության և Մայր Աթոռի միջև առկա համագործակցությունը, որը ձևավորվել է դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ 

Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Քույր Եկեղեցիների հետ Հայոց Եկեղեցու ունեցած ջերմ կապերին ու փոխհարաբերություններին՝ դրա վառ վկայություն նկատելով նաև նոյեմբերի 10-ին Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն՝ հանուն արցախահայերի իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման։

Իր հերթին Հայր Թոմաս Շվարցը պատրաստակամություն հայտնեց շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ՝ Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցելով կազմակերպության մարդասիրական առաքելության, ինչպես և տեղահնված ու կարիքավոր ընտանիքների համար իրականացվող զարգացման և սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ ուղղված աշխատանքի ապահովվման նպատակով մասնագիտական հմտությունների ուսուցմանը։