ՀՀ քննչական կոմիտէի Կոտայքի մարզային քննչական վարչութենէն ներս ՀՀ քրէական օրէնսգիրքի 341-րդ յօդուածի 3-րդ մասով սոյն թուականի 1 դեկտեմբերին նախաձեռնուած քրէական վարոյթի շրջածիրէն ներս կ'իրականացուին քննչական եւ վարութային գործողութիւններ՝ Կոտայքի մարզին մէջ օդանաւի վթարի ենթարկուելու հանգամանքները պարզելու ուղղութեամբ: Այս մասին յայտնած է Քննչական կոմիտէն:
Կոմիտէի տարածած հաղորդագրութեան մէջ գրուած է՝
«Նախնական տուեալներով՝ 2022 թուականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոտելի ինքնաթիռը վայր է ընկել Կոտայքի մարզի Ջրաբեր գիւղի տարածքում գտնուող աւազի հանքի տարածքում եւ այրուել, որի հետեւանքով ինքնաթիռում գտնուող 2 անձ տեղում մահացել է:
Քրէական վարոյթի նախաքննութեան ընթացքում կատարուել է դէպքի վայրի զննութիւն, որի ընթացքում յայտնաբերուել է վթարուած, այրուած թեթեւ մարդատար ինքնաթիռ, 2 անձի մոխրացած դիակ եւ այլ իրեր։
Նշանակուել է դիակների դատաբժշկական փորձաքննութիւն, ստեղծուել է քննչական խումբ:
Տեղեկատուական պահանջ է ներկայացուել Քաղաքացիական ավիացիայի (օդագնացութեան) կոմիտէ` վթարի ենթարկուած վերը նշուած ինքնաթիռի տեսակի, պատկանելիութեան, ՀՀ մուտք գործելու, ՀՀ-ում տեղակայուելու հանգամանքների, օդաչուի, ուղեւորի ինքնութիւնների եւ մի շարք այլ տուեալների վերաբերեալ:
Ձեռնարկուելու են նաեւ անհրաժեշտ միջոցներ սահմանուած ընթացակարգով ինքնաթիռի վթարման պատճառները, դրա հետ կապուած հանգամանքները պարզելու ուղղութեամբ։
Նախաքննութիւնը շարունակւում է»: