image

Քայլ ձիով՝ դեպի նախագահական սահմանադրություն

Քայլ ձիով՝ դեպի նախագահական սահմանադրություն

Մեկնաբանելով հունիսի 15-ին և 16-ին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները, Սևակ Արծրունին «Արևելքի» հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածի հաջորդականությունը դիտարկելով, ակնհայտ է բեմադրությունը, որի նպատակն էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին կանգնեցնել Օսմանյան Թուրքիայի վերականգնման փաստի առջև: «Նախագահ Էրդողանի՝ Բոդրում հանգստի մեկնելուց մինչև նրա սպասվող հաղթական վերադարձը Անկարա, մի մեծ բեմադրություն է, որի նպատակն էր նախ բացահայտել ներքին թշնամիներին, ապա չեզոքացնել նրանց՝ իրենց արտաքին տերերի հետ միասին: Ոչ միայն բանակից, այլև Թուրքիայի մյուս բոլոր շրջանակներից՝ դատական, վարչական, լրատվական, չեզոքացվելու են մարդիկ՝ հեղաշրջման մասնակցելու զրպարտությամբ»,-նշում է Թուրքիայի քաղաքական հարցերով մասնագիտացած մեր զրուցակիցը:


 

Սևակ Արծրունիի գնահատմամբ, նախագահ Էրդողանը ոչ միայն երկրի օրինավոր ընտրված նախագահն է, այլ նաև վերահսկում է երկրի անխտիր բոլոր ուժային կառույցները:

«Ուժային կառույցները Թուրքիայում միշտ հետևում են նրան, ում կողմից վերահսկվում է թուրքական արմատական խուժանը:

Դեպքերի առավոտյան, մինչ ռուսական, ամերիկյան և մանավանդ հայկական փորձագետները դեռևս հարց էին տալիս թե ո՞վ է արդյոք վերահսկում Թուրքիան, նախագահը միտինգ կազմակերպեց Ստամբուլի  հրապարակներից մեկում՝ հարյուր հազարից ավելի խուժանի ներկայությամբ, երաժշտությամբ ու կազմակերպված կոչերով,  որոնք այս անգամ արդեն նախագահին ողջունում էին «Ալլահու Աքպարի» կոչերով:

Այդ դեպքից մի քանի րոպե առաջ թուրք ազգայնամոլականները «Գորշ գայլերի» նշանը պարզած, ձախորդ ու անտերության մատնված պուտչիստներից իբր թէ ազատագրեցին TRT լրատվական կենտրոնը»,-նշեց Սևակ Արծրունին: Նրա գնահատմամբ, այսօր Էրդողանը, նրանից առաջ՝  Քեմալը,   երիտթուրքերն ու Օսմանյան կայսրերը, իշխում են խորամանկության, քաղաքական իրատեսության և ամենակարևորը՝ փաստացի բիրտ ուժի միջոցով:

«Եթե ուսումնասիրեք Էրդողանի քաղաքական կյանքը, ապա կարող եք տեսնել, որ քաղաքական կյանքի առաջին իսկ օրվանից նա երազում է դառնալ իսլամիստական միատեր: Նա հիմա էլ այդպիսինն է, սակայն ուզում է այդ կարգավիճակին տալ նաև իրավական, այսինքն սահմանադրական իրողություն:

Քրդերի հետ իր կողմից հրահրված պայքարի, բանակի չեզոքացման, Գյուլի, Դավութօղլուի եւ այլ առաջնորդների մեկուսացման գործոնները որպես խոչընդոտներ նա անցավ մեկ առ մեկ, հանուն այս նպատակին:

Հիմա նրա դիմաց կանգնած են միայն միջազգային ուժեր և նրանց ներքին գործակալները: Ռուսաստանի հետ մերձենալով, Էրդողանը ԱՄՆ-ից եւ Արևմուտքից զիջում է պահանջելու առաջին հերթին այս հարցի շուրջ: Այս նպատակի դիմաց, նույնիսկ Սիրիան, Պաղեստինը կարող են դառնալ առևտրի արարկաներ:

Հարց է առաջանում, իսկ արեւմուտքը ունի՞ լծակներ Թուրքիան քաոսի մէջ պահելու: Այնտեղ միակ լուրջ լծակը քրդական հարցն է, որը չի վերահսկվում միայն Արևմուտքի կողմից:

Էրդողանն այս պահին լեզու է գտել Թել-Ավիվի, Էրբիլի, Մոսկվայի հետ, իսկ նոյեմբերին երբ տիկին Քլինթոնը կհայտնվի ԱՄՆ նախագահության գահին, ես համոզված եմ, որ այդ ժամանակ կարող են նաեւ փոխվել հարաբերությունները ԱՄՆի հետ:

Ամերիկյան նոր-պահպանողական ճամբարի բացարձակ իշխանության վերահայտնումը շատ բան է փոփոխելու ամբողջ աշխարհում: Դրա խոսուն նախանշաններից երկուսն արդեն մենք ճաշակեցինք՝ հուլիսի 15-ի գիշերվա սուտ հեղաշրջումը և BREXIT-ի խոշոր անակնկալը: Համոզված եմ,  նոր անակնկալներ են մեզ սպասում:

Անակնկալների մեջ կհայտնվեն մեզանից նամանավանդ նրանք, ովքեր ոչ թե փաստերի, այլ ցանկությունների միջոցով կփորձեն ընթերցել քաղաքական ընթացիկ և գալիք ցնցումները»,-Թուրքիայի ներկա քաղաքական իրավիճակի իր գնահատականն է  ներկայացնում Սևակ Արծրունին: