Հոկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիւի ջանքերով եւ համագործակցութեամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, տեղի ունեցաւ «Հայոց Եկեղեցին ԺԶ. – Ի. դարերում. առաքելութիւն, մաքառում, նահատակութիւն, յաղթանակ» խորագրով մէկօրեայ գիտաժողով` կազմակերպուած Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորէն Ա Մուրադբեկեանի նահատակութեան 80-րդ տարելիցի կապակցութեամբ:
Սկզբում գիտաժողովի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Մայր Աթոռի Նահատակաց յուշապատի առջեւ՝ ի յարգանս ստալինեան բռնապետութեան տարիներին զոհ դարձած հոգեւորականների, այնուհետեւ մասնակցեցին Հայ Եկեղեցու 16-րդ-20-րդ դարերի գործունէութեանը նուիրուած ցուցահանդէսի բացմանը:
Գիտաժողովը սկսուեց Տէրունական աղօթքով եւ Մայր Աթոռի Արխիւի տնօրէն Արժանապատիւ Տ. Ասողիկ քահանայ Կարապետեանի բացման խօսքով: Այնուհետեւ կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխօսութիւն` Հարաւային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար դոկտոր Թոմաս Շրափելը եւ Հայաստանի Ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրաբեանը:
Կոնֆերանսին Հայոց Եկեղեցու` 16-րդ-20-րդ դարերի գործունէութեանը նուիրուած բանախօսութիւններով հանդէս եկան Արեւելեան Եւրոպայի Հումբոլդտի համալսարանի պատմութեան դոկտոր, պրոֆէսոր Եօրգ Բաբորովսկին («Բռնութիւնը եւ ահաբեկչութիւնը Ստալինեան ժամանակաշրջանում»), պ.գ.դ Ստեփան Ստեփանեանցը («Խորհրդային ժամանակաշրջանում Հայ Եկեղեցու սպասաւորների հանդէպ կիրառուող բռնութիւնների եւ Հայ Եկեղեցու ունեցուածքի առգրաւման հարցերի մասին (1917-1954թթ.)»), Հայաստանի Ազգային արխիւի գիտահետազօտական բաժնի վարիչ պ.գ.թ. Գոհար Աւագեանը («Ցարիզմի քաղաքականութիւնը Հայ Եկեղեցու նկատմամբ»), Մաշտոցեան Մատենադարանի աւագ գիտաշխատող պ.գ.դ. Քրիստինէ Կոստիկեանը («Մայր Աթոռ Ս. Էջմիածինը իրանական տիրապետութեան շրջանում») եւ Մայր Աթոռի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանի տնօրէն Արժանապատիւ Տ. Արարատ քահանայ Պողոսեանը («16-17-րդ դարերում տեղի ունեցած թուրք-իրանական պատերազմների աւերիչ հետեւանքները հայ ժողովրդի համար»):
Զեկուցումներից յետոյ տեղի ունեցաւ քննարկում:
Գիտաժողովի աւարտին Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում ամփոփուած Խորէն Ա Մուրադբեկեան Կաթողիկոսի շիրմաքարի մօտ կատարուեց աղօթք Հայրապետի հոգու հանգստութեան համար: