Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը Մարաղայի մէջ հայերու կոտորածի 31-րդ տարելիցի կապակցութեամբ յայտարարութիւն տարածած է, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ․
«31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինուած ուժերի կողմից իրականացուեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչութեան ծրագրաւորուած դաժան կոտորածը, որի հետեւանքով շուրջ 5000 բնակչութիւն ունեցող բնակավայրն ամբողջութեամբ ենթարկուեց էթնիկ զտման, աւելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանուեց, նոյնքան էլ գերեվարուեց. տուեալներ, որոնք փաստագրուած են «Human Rights Watch» եւ «Amnesty International» իրաւապաշտպան կազմակերպութիւնների զեկոյցներում: Գերեվարուածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզուած չեն, եւ վերջիններս համարւում են բռնի անհետացածներ:
Մարաղայի կոտորածը Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքւում կազմակերպուած հայերի ջարդերի շարունակութիւնն էր եւ ադրբեջանական իշխանութիւնների՝ ազգային ինքնութեան հողի վրայ զանգուածային ոճրագործութիւնների հերթական դրսեւորումներից մէկը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչութեան դէմ կանխամտածուած ոճրագործութիւնները, ռազմական յանցագործութիւնները, դրանց անպատժելիութիւնն ու հերոսացումն Ադրբեջանի համակարգային քաղաքականութեան մաս կազմեցին եւ նոր դրսեւորումներ ստացան Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի 2016թ. ապրիլեան ագրեսիայի, իսկ աւելի մեծ մաշտապներով՝ 2020թ. 44-օրեայ պատերազմի ժամանակ, որի հետեւանքով տեղահանուեցին նաեւ Հադրութի, Շուշիի եւ յարակից շրջանների տասնեակ հազարաւոր հայեր:
Պատահական չէ, որ ոչ միայն 1988-1991թթ. Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայերը տարիների ընթացքում երբեւէ հնարաւորութիւն չեն ստացել վերադառնալ իրենց տներ եւ իրացնել իրենց իրաւունքները, այդ թուում՝ տնօրինել իրենց մասնաւոր սեփականութիւնը, այլ նաեւ ներկայումս, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները, Ադրբեջանը խաթարում է տեղահանուած անձանց եւ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ յարակից շրջաններ, ինչը պէտք է իրականացուի ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր յանձնակատարի վերահսկողութեան ներքոյ: Աւելին, խախտելով միջազգային իրաւունքի նորմերը եւ իր իսկ ստանձնած միջազգային պարտաւորութիւնները՝ պաշտօնական Բաքուն այս օրերին ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողութեան տակ անցած հայկական բնակավայրերը, հայերի տները, ինչպէս օրինակ՝ հայկական Թալիշ գիւղում:
Յատկանշական է նաեւ, որ կոպտօրէն խախտելով հեղինակաւոր միջազգային դատական ատեանների վճիռները՝ Ադրբեջանը բացայայտ կերպով շարունակում է պղծել, վանդալիզմի ենթարկել եւ ոչնչացնել հայկական կրօնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը՝ նպատակ ունենալով իր վերահսկողութեան տակ գտնուող տարածքներից ջնջել հայկական հետքն առհասարակ: Միեւնոյն ժամանակ, ամենաբարձր մակարդակով շարունակւում է հայութեան նկատմամբ ատելութեան քարոզը: Այս արձանագրումներն արդէն իսկ բազմիցս դատապարտուել են միջազգային կառոյցների կողմից:
Մարաղայի ոճրագործութիւնից 31 տարի անց, շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակուած է պահում Լեռնային Ղարաբաղը մնացեալ աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում կանխամտածուած կերպով հումանիտար ճգնաժամի ստեղծումը, ադրբեջանական զինուած ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում զինադադարի պարբերական խախտումներն ու ագրեսիւ գործողութիւնները, քաղաքացիական բնակչութեան շարունակական թիրախաւորումն ու ահաբեկումը կրկին ապացուցում են, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելն է։
Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի յիշատակին: Նման ոճրագործութիւնների հետագայ կանխարգելման համար եւս մէկ անգամ ընդգծում ենք միջազգային հանրութեան գործուն քայլերի, այդ թուում՝ տրամադրութեան տակ առկայ միջազգային մեխանիզմերի կիրառման հրատապութիւնը:
Հայաստանի Հանրապետութիւնը վերահաստատում է իր հաւատարմութիւնը տարածաշրջանում երկարատեւ ու համապարփակ խաղաղութեան ու անվտանգութեան հաստատմանը, որը հնարաւոր է Ադրբեջանի կողմից առաւելապաշտական ու ագրեսիւ քաղաքականութիւնից հրաժարուելու եւ առկայ խնդիրներին արդարացի լուծումներ փնտռելու ճանապարհով»,- ըսուած է յայտարարութեան մէջ։