image

Լիբանանահայ Ալինային կօգնեն, նրան կվերադարձնեն առողջ հասարակություն

Լիբանանահայ Ալինային կօգնեն, նրան կվերադարձնեն առողջ հասարակություն

Օրեր առաջ ահազանգ էր տարածվել, որ Երեւանում հաստատված լիբանանահայ Ալինան օգնության կարիք ունի։

Այսօր հասարակական գործիչ Օվսաննա Հովսեփյանը հայտնել է, որ բազմաթիվ արձագանքողներ են եղել, նույնիսկ նրա հաշվեհամարին գումար են փոխանցել, իսկ  Yan Lyuda-ն եւ նրա թիմը լուծել են լիբանանահայ կնոջ կեցության հարցը,  ավելին` փորձելու են նրա հետ տանել աշխատանք` առողջ հասարակություն վերադարձնելու համար։ 

Պատկան մարմիններն ու խնամքի կենտրոնները նաեւ տեղեկացրել են, որ տեղյակ են այդ կնոջ մասին, նա եղել է մի քանի խնամքի կենտրոններում, սակայն  չի մնացել տարբեր պատճառներով:

Օրեր առաջ հասարակական գործիչ Օվսաննա Հովսեփյանը, տեսնելով նրան Հրապարակի մետրոյի տարածքում եւ լուսանկարելով, զրուցել եւ իմացել էր, որ անտուն է, ունի բժշկական խնամքի կարիք։  Տարիներ առաջ Լիբանանում նավահանգստի պայթյունի ժամանակ պայթել է նաեւ Ալինայի տունը, ինքն էլ ընկել է պատուհանից: Կորցրել է ամեն ինչ, հարազատներ չի ունեցել (եղել է որբ, հետո էլ չի ամուսնացել):

Տան փոխհատուցումից ստացված գումարով որոշել է գալ հաստատվել Հայաստանում, եկել է, տուն է վարձել, նորմալ ապրել է մինչեւ հիվանդության` փղախտի հայտնաբերումը  Դարձել է անաշխատունակ, գումարը սպառվել է, մնացել է դրսում իր իրերով:

50 տարեկան է, ծերանոց գնալ չի կարող: Տարածքից էլ չի կարողանում հեռանալ կամ բժշկի գնալ, քանի որ մի քանի տասնյակ տոպրակ իրերն էլ հետն են, թողնելու տեղ չունի:

Կիրթ կին է, 6 լեզու գիտի, բայց հայտնվել է այսպիսի կացության մեջ։ Ահազանգողը խնդրում էր գտնել մի վայր, ուր Ալինան կթողնի իրերը եւ բժշկի կգնա։