image

Կոթ գիւղին դէմ հերթական սադրանք

Կոթ գիւղին դէմ հերթական սադրանք
Ռուս սահմանապահները պիտի տեղակայուին Գեղարքունիքի մարզի Նորաբակ գիւղին մէջ։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցի ժամանակ նորաբակցի նկարիչ Արմէն Ղազարեանը տեղեկացուցած է, որ հինգ օր առաջ սահմանապահներ եկած են գիւղ, սար բարձրացած ու գացած։ Տեղեակ են միայն, որ պէտք է տնակներ կառուցեն։
 
«Ռուս սահմանապահները եկան, սար բարձրացան, իջան, թողին գնացին։ Սոթքի տարածքում նրանց համար տոմիկներ պէտք է սարքեն։ Դա տարիների հարց է։ Նրանց համար պալատկաներ են պէտք, որ գան տեղաւորուեն։ Բայց դէ երբ պէտք է կառուցուի՝ Աստուած գիտի։ Գետուկ կոչուող հատուած ունենք, այնտեղ էլ քարեր են թափում, որ նրանց համար տոմիկներ սարքեն»,- ըսած է Ղազարեանը։

Նորաբակի մէջ ատրպէյճանցիներու հետ միջադէպեր շատ չեն պատահիր։ Կէսգիշերէն ետք ատրպէյճանցիներու արձակած կրակոցներն իրենք չեն լսեր։ Հարեւան Կութի մէջ օրեր առաջ ատրպէյճանցիները, օրինակ՝ հայկական դիրքեր հաց տանող մեքենավարի ուղղութեամբ քարեր նետած են:

«Կութում պալատկաները իրար հետ վերեւ-ներքեւ են։ Մերոնք մի քիչ ներքեւ են։ Երեք օր առաջ Գագօ անունով մէկին՝ հացի մեքենայի վարորդին թուրքը քարով խփել էր, գլուխը ջարդել»,– պատմած է Նորաբակի բնակիչը։

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գիւղի տարածքին մէջ ատրպէյճանական զինուորականներու ներխուժումէն ետք մարդիկ կ'ապրին լարուածութեան մէջ։ Գիւղացիները հնարաւորութիւն չեն ունենար մօտենալու գիւղի խոտհարքներուն եւ կենդանիները արածացնելու գիւղի յարակից սարերուն մէջ։

«Էս պահին մեր աշխատանքներին 100 տոկոսանոց խոչընդոտում են։ Ատրպէյճանական կողմը յատկապէս մեր հողատարածքների մէջ է՝ խոտհարքների ու արօտների մէջ։ Վաղը միւս օր կարող է ականապատում են՝ ո՞վ գիտի։ Կոյր-կոյր պիտի ելնենք խոտ քաղենք։ Ես չգիտեմ սրա վերջը ոնց կը լինի»,– ըսած է ան։

Խոտհարքերը, արօտները կը գտնուին գիւղէն 7 քմ հեռաւորութեան վրայ։ Խորհրդային միութեան ժամանակէն անոնք Նորաբակին պատկանած են։ Հիմա ատրպէյճանցիները տեղակայուած են այդ տարածքներուն մէջ։ Գիւղացիները պարզապէս չեն կրնար իրենց իսկ տարածքին մէջ խոտը հնձել ու քաղել։

«Գիւղում ֆինանսական ճգնաժամ է։ Անասնապահական տարածք է, անասունն էլ գին չունի։ Մարդիկ ուզում են անասուն ծախեն՝ գռուբի ասած՝ էսօր մսի քկ-ն 3000 դրամ է, էստեղ կովի միսը 1400 դրամով են ծախում։ Սկի չգիտեն ինչ անեն։ Խոտն էլ կրակի գին է։ Ցորենի սալոմի արժէքը 1000, խոտը՝ 2500 դրամ է։ Մարդիկ էլ պէտք է խոտերը քաղէին, ատրպէյճանցները մեր սարերի ձախ հատուածում նստած են»,– ըսած է Նորաբակի բնակիչը։