ՍՏԱՄԲՈՒԼ- Հայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Ստամբուլի «InterContinental» հյուրանոցում տեղի է ունեցել պաշտոնական հոբելյանական ընդունելություն, որը կազմակերպվել էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ և ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանի հյուրընկալությամբ։ Միջոցառումը պատմական և խորհրդանշական քայլ է համարվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Միջոցառման պատվո հյուրերն էին Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերրիս Էքինջին և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն։
Ընդունելությանը մասնակցել են Թուրքիայի ԱԳՆ Կովկասի բաժնի ղեկավար Այշե Ուզելը, ԱԳՆ Ստամբուլի ներկայացուցիչ Մեհմեդ Մուստաֆա Գյոքսուն, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
Ընդունելության ընթացքում հնչել են Հայաստանի և Թուրքիայի պետական օրհներգերը։
Նաիրի Պետրոսյանը, Բերրիս Էքինջին և Լազար Կոմանեսկուն հանդես են եկել ելույթներով։ Ընդգծվել է երկու երկրների ղեկավարների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դրսևորած ամուր քաղաքական կամքը։
Միջոցառմանը ներկա են եղել Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը, Ուղղափառաց Տիեզերական Պատրիարք Բարթողոմեոս Ա-ն, Վաքըֆների խորհրդում փոքրամասնությունների ներկայացուցչի գրասենյակի քարտուղար Մութեբեր Յըլմազջանը, հունական համայնքի գործիչ Լաքի Վինգասը, ինչպես նաև դիվանագետներ, մտավորականներ, արվեստագետներ և համայնքային ներկայացուցիչներ։

Նաիրի Պետրոսյանն իր բարձր գնահատանքն է հայտնել միջոցառման կազմակերպմանն աջակցած ներկայացուցչության խորհրդական Անահիտ Չալիքյանին և քարտուղարուհի Էրլին Իսպիրօղլուին։
Ներկաները հույս են հայտնել, որ կարգավորման գործընթացը կպսակվի ցամաքային սահմանի բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ։
Գլխաւոր լուսանկարը՝ ԺԱՄԱՆԱԿ/Մկրտիչ Արծիվյան