Ամէն մարդ իրաւունք ունի քաղաքական կարծիք ունենալու եւ այն տեղ հասցնելու, բայց եթէ եկեղեցին կը ձեւաւորէ քաղաքական օրակարգ, ապա պէտք է պատրաստ ըլլայ, որ քաղաքական բնոյթի հարցեր ալ պիտի հնչեն։
Այս մասին Յաղթանակ զբօսայգիին մէջ լրագրողներու հետ զրոյցին ըսած է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Բաբգէն Թունեանը։
«Մենք նայում ենք խնդիրները, խօսոյթը եւ այն մարդկանց, ովքեր շարժումն ուղեկցում են, եւ այնտեղ քաղաքական գործիչներ են։ Եթէ առաջ է քաշուելու այսօր հրապարակում իշխանափոխութեան պահանջ, ինչը բարձրաստիճան հոգեւորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, ապա դա ուղիղ քաղաքականութիւն է»,- ընդգծած է ան։
Անդրադառնալով հարցին, թէ շարժումը կը բարձրաձայնէ նաեւ սահմանազատումը կասեցնելու եւ հայանպաստ կերպով իրականացնելու հարցը, Թունեանը նկատած է. «Սահմանազատման գործընթացը կասեցնելու եւ չկասեցնելու, մի բան անելու կամ չանելու համար կան համապատասխան կառոյցներ, եւ նման որոշումներ ընդունելու համար պէտք է ունենալ դրա իրաւասութիւնը եւ բաւարար տեղեկատւութիւն»։
Անոր խօսքով՝ արտաքին քաղաքականութիւնը կ՚որոշէ դիւանագիտական կառոյցը. «Շարժումը սկսեց Կիրանցից, եւ հիմնական խնդիրը կապուած էր Կիրանցի եւ Ոսկեպարի յարող տարածքների հետ։ Մենք այսօր տեսնում ենք, որ թէ՛ Կիրանցի, թէ՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից եւ փաստացի արդիւնքներից դժգոհ չեն ու ասում են, որ իրենց ակնկալիքներից աւելին են ստացել»:
Անոր հաւաստմամբ՝ սահմանազատման գործընթացն առաջին հերթին կը կատարուի ՀՀ անվտանգութեան համար, եթէ այս տարբերակներուն դէմ են, ապա այլընտրանքային ոչ լղոզուած տարբերակներ պէտք է առաջարկեն. «Ես ոչ մի շարժման հետ կապուած մտավախութիւն չունեմ։ Իշխանափոխութեա՞ն են ուզում հասնել, ինչքան յիշում եմ, իրենց վերջին յայտարարութիւններում նման բան այս պահին օրակարգում չունեն, թող հաւաքն անեն, իրենց պահանջները հասկանանք եւ յետոյ նոր կ՚որոշենք»։
Վերջինս շեշտած է՝ Հայաստանի մէջ իշխանութեան փոփոխութիւն պիտի ըլլայ ընտրութիւններու միջոցով:
«Հաւատալը կամ չհաւատալը, եկեղեցուց անջատուելը կամ մնալն օրէնքով չի կարգաւորւում։ Բազում մարդիկ անցել են այլ կրօնական կազմակերպութիւնների շարքեր, խնդրի պատճառն է պէտք հասկանալ, ու առաջնահերթ եկեղեցու խնդիրը պէտք է լինի։ Եթէ ես տեսնում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին զբաղուած է ուրիշ խնդիրներով՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական, ապա ենթադրում եմ, որ գուցէ այդպիսի կարծիք լինի, որ մնացած տեղերում անելու բաներ չկան, իսկ ես կարծում եմ, որ շատ անելու բան կայ եկեղեցու տեսանկիւնից»,- նշած է ան։