image

Հրանտ Դինքի ֆենոմենը. Նրա սպանությունից 11 տարի է անցել

Հրանտ Դինքի ֆենոմենը. Նրա սպանությունից 11 տարի է անցել

Սփյուռքահայերի՝ թուրքերենի իմացությունը շատ կարևոր եմ համարում. այսպես ասած Թուրքիայում գործած հայազգի  հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Դինքը, երբ եկել էր Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովին մասնակցելու: Դա 2006 թվականին էր: Ես մոտեցա նրան և թուրքերեն խոսեցի հետը: Դինքը այդ պահին նստած էր ամենահետեւի շարքերում, որտեղ շատ քիչ մարդ էր նստած: Ինձ տպավորել էին նրա սուր հայացքն ու ինքնավստահ շարժուձևը:

Մոտենում է Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարելիցը: Նախքան ներկա ժամանակին գնահատական տալը՝ հարկ է անդրադառնալ Հրանտ Դինքի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղված ջանքերին:

Դինքին առաջին հերթին պետք է ընկալել որպես հայ մտավորական՝ թուրքական իրականության մեջ: Նա կարողացավ հասանելի լեզվով և հստակորեն ներկայացնել Թուրքիայի հանրապետության ներսում՝ լինի Պոլսում, թե Արևմտյան Հայաստանում ապրող հայերի ցավերն ու փափագները: 1995 թվականից նրա «Ակօսի» շնորհիվ, նույնիսկ, Թուրքիայի ծայրամասերում ապրող ծագումով հայերը կարողացան տեղեկություն ունենալ իրենց ինքնության և արդի հարցերի շուրջ:

Մենք սփյուռքում և Հայաստանում հաճախ թյուր պատկերացում ունենք Թուրքիայում ապրող հայերի հոգեվիճակի մասին, բողոքում ենք ՝ ինչո՞ւ շատ հարցերում խրոխտ կեցվածք չեն ընդունում Թուրքիայի իշխանությունների հանդեպ:  Հարկ է նշել, որ Թուրքիայում երկար տարիներ «հայ» բառն օգտագործվել է որպես հայհոյանք, դպրոցներում երեխաներին պարտադրաբար սովորեցրել են, թե հայերը դավաճան են և Թուրքիայի թշնամին: Թաղամասերում խաղալիս երեխաները իրար վիրավորելու համար ասել են՝ «հայ»: Եվ ահա այս ճնշող մթնոլորտում էր, որ Հրանտ Դինք գործիչը, մտավորականը պատռեց վախի մթնոլորտը և հիշեցեց, որ հայը Թուրքիայում ոչ թե փոքրամասնություն է, այլ չորս հազարամյա քաղաքակրթություն կերտող ազգ: Դինքի և «Ակօսի» այս չափանզանց վտանգավոր և պատասխանատու գործունեությունից հետո էր, որ Թուրքիայում տեղի ունեցան հույժ կարևոր իրադարձություններ: Լռակյաց մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ծպտուն իսկ չէին հանում իրենց հայ լինելու փաստի մասին, սկսեցին բացահայտել իրենց ինքնությունը և  սկսեցին ի հայտ գալ  բազում տեղեկություններ Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերի ինքնության մասին: Ըստ Թուրքիայում բնակվող հայազգի գրող Վերջիհան Զիֆլիօղլուի՝ Անատոլիայի քրդաբնակ վայրերում ասվում է՝ 5 հոգուց 4-ի տատիկները հայ են: Վերոհիշյալ ինքնության գաղտնիքը մարդիկ պարտադրվել են կրել իրենց մեջ և միայն բացահայտել հարազատներին, այն էլ՝ մահանալուց առաջ: Նոր սերունդը նույնպես պահում էր այդ գաղտնիքը՝ մինչև Հրանտ Դինքի ֆենոմենի ի հայտ գալը: Ներկայումս Դերսիմում և այլ վայրերում մարդիկ հուզված սրտերով կարողանում են բացականչել իրենց ինքնության մասին:

Սփյուռքում և Հայաստանում Հրանտ Դինքը խորթ էր ընկալվում, իսկ պատճառը հիմնականում նրա մեջ էր, Թուրքիայի հետ հնարավոր և պետք չէ սկսել երկխոսություն, երբ դեռ լուծված չեն Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հետ կապված հարցերը:

Իրականում ի՞նչ էր ցանկանում Դինքը: Նախևառաջ, Դինքը ժողովրդավարության ջատագով էր և չէր վախենում հայերի և թուրքերի  խնդիրների լուծմանը նայել հենց այդ տեսանկյունից: Ըստ նրա պատկերացումների՝ հայերը և թուրքերը, հարգելով միմյանց, պետք է սովորեին երկխոսելու արվեստը: Նա կարծում էր՝ խնդիրը հայերի և թուրքերի միջև է, և այլ ազգերի միջնորդությունը երկու ժողովուրդների հարաբերություններին մշտապես  խանգարել և թշնամացրել է նրանց: Մյուս կողմից՝ Դինքը խորթ էր նաև թուրքական քաղաքական վերնախավի համար, որովհետև նրանց աչքերում հայ լինելը նշանակում էր անվստահելի տարր: Թուրքիայի քաղաքական վերնախավի մոտ առկա է այն կարծրատիպը, որ հայերը, դաշնակցելով Ռուսաստանի հետ, դավաճանել են Օսմանյան կայսրությանը: Պետք է նկատել, որ  Թուրքիան հարյուր տարուց ավել քողարկել է պատմական իրականությունը և այդ պատճառով ընդունել է օրենքներ, որոնց միջոցով շատ հեշտ կարելի է մեղադրել ցանկացած անձի Թուրքիայի դեմ գործելու մեջ: Իմանալով այս իրողությունը՝ Դինքը թուրք հասարակությանը ձեռնոց նետեց՝ պնդելով, որ Թուրքիան միայն ժողովրդավարության միջոցով կկարողանա բարգավաճել և իր սխալներն ուղղել, հաշտ ապրել հարևանների հետ: Հակառակ դեպքում Թուրքիան մերժված կլինի Եվրամիության կողմից և ժամանակի ընթացքում կդառնա ասիական բարքերով հետամնաց երկիր:

Դինքը մեծագույն արժեք էր համարում ազատ, անկախ Հայաստանի ստեղծումը: Նրա պատկերացմամբ՝ ՀՀ-ն արդեն որպես անկախ պետություն կարող էր բանակցել տրածաշրջանի բոլոր երկրների հետ: Նրա կարծիքով՝ մենք հնարավորություն ունեինք Թուրքիայի հետ խոսել  ոչ թե որպես եկեղեցական համայնք, ցաքուցրիվ սփյուռք, այլ որպես անկախ պետություն և պետական համակարգ: Եվ ըստ այդմ, Դինքը չափազանց կարևոր էր համարում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, անկախ պատմական իրողություններից: Նա համարում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը չպետք է դրվի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: Տնտեսական, մշակութային, գիտական ոլորտների զարգացումը երկրների միջև խթան կհանդիսանար ապագայում Հայոց ցեղասպանության հարցը երևան հանելու համար: Նրա կարծիքով՝ միայն ժողովրդավար Թուրքիան կկարողանար առերեսվել իր պատմության մութ էջերի հետ:

Սակայն թուրք ազգայնականները չհանդուրժեցին Դինքի այն ցանկությունը, որ Թուրքիայում ապրող հայերն ու բուն թուրքերը պետք է այդ երկրում ապրեն  հավասար պայմաններում: Դինքը, չընկճվելով և չվախենալով իրեն ուղղված մեղադրանքներից և սպառնալիքներից, շարունակեց իր գործունեությունն «Ակօս» թերթում և 2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց փողոցում, երբ քայլում էր այն թաղամասում, որտեղ  գտնվում էր «Ակօսը»: Հայ գործչի մահը լայն դժգոհությունների ալիք բարձրացրեց Թուրքիայում, հազարավոր թուրքեր «Մենք բոլորս Դինք ենք»,  «Մենք բոլորս հայ ենք» գրություններով դուրս եկան փողոց՝ պահանջելով պատժել մեղավորներին, սակայն մինչ օրս պատվիրատուները բացահայտված չեն:

Դինքի սկսածը չպետք է թողնել ապարդյուն անցնի: Պետք է կազմակերպվեն հայ և թուրք մտավորականների հանդիպումներ, գիտակցելով, որ այսօր Թուրքիայում՝ մասնավորապես Ստամբուլում, կան առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդիկ, ովքեր վառ են պահում Դինքի հիշատակը՝ գրելով հոդվածներ, գրքեր Հայոց ցեղասպանության մասին և վավերագրական ֆիլմեր նկարահանելով Հրանտ Դինքի մասին: Հարկ է տարանջատել թուրք հասարակությանը քաղաքական վերնախավից, այն պարագայում, երբ Թուրքիայում ձևավորվել է էրդողանական բռնատիրական  վարչակարգ և այլախոհների հույսը մնում է Հրանտ Դինքի առաջ քաշած փրկության ելքը՝ Թուրքիայի ժողովրդավարացումը:

 

 Արարատ Կոստանյան    

Արարատ Կոստանյան

Արարատ Կոստանյան

Արևելագետ, գիտությունների թեկնածու միջազգային...