image

Հերոսութիւնը պէտք է առօրեականացուի եւ առօրեան՝ հերոսականացուի․ Նիկոլ Փաշինեան

Հերոսութիւնը պէտք է առօրեականացուի եւ առօրեան՝ հերոսականացուի․ Նիկոլ Փաշինեան

Իմ թեզն այն է, որ հերոսութիւնը պէտք է առօրեականացուի: Մեր միջինացուած ընկալման համաձայն հերոսը առանձնայատուկ վարքագիծի, մտածողութեան, միջավայրի մարդ է:

Այս մասին գրած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Թւում է՝ այս ընկալմամբ մենք բարձրացնում ենք հերոսին: Եւ այո, այս ընկալմամբ բարձրացնում ենք հերոսին, բայց այնքան եւ այնպէս, որ այդ բարձրութիւնը հեռու լինի, այսինքն՝ անհասանելի լինի մեզ համար, միւսների համար: Հերոսը այնքան բարձր տեղում է, որ միւսները այդ տեղին չեն կարող հասնել, որովհետեւ միւսները սովորական վարաքագծի, սովորական մտածողութեան, սովորական միջավայրի մարդիկ են: Հերոսութիւնը անհասանելի է միջին վիճակագրական քաղաքացու համար: Այս ընկալումը ունենում է իր յաջորդ դրսեւորումը՝ հերոսը զոհուածն է: Հերոսութեան վերաբերեալ իմ գրեթէ բոլոր գրառումների, ելոյթների տակ (սոցիալական ցանցերում) շատ հաւանումների են արժանանում այն մեկնաբանութիւնները որոնք փաստում են՝ հերոսները Եռաբլուրում են:

Ոչ ոք չի վիճարկում, որ Եռաբլուրում հերոսներ են, բայց երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մէջ հերոսներ չկան: Այս ընկալումից է բխում յուսահատութեան տեսութիւնը. եթէ լաւագոյնները, հերոսները, այլեւս չեն ապրում, ինչքանո՞վ է ընդհանրապէս իմաստաւորուած եւ բարոյական ապրելու հանրային կամ հանրութեան որեւէ անդամի ձգտումը: Վերոնշեալ ընկալումը կարող է նշանակել նաեւ, որ մենք կամ հերոսներ չենք ունենալու այլեւս, կամ հերոսներ ունենալու համար պէտք է պատերազմ, որտեղ զոհերը կը լինեն անխուսափելի եւ մենք «հանգիստ խղճով» կը լրացնենք հերոսների մեր պանթէոնը: Սա հասկանալիօրէն սխալ, անընդունելի եւ կործանման ճանապարհ է եւ այս ճանապարհից ետ կանգնելու համար պէտք է հերոսութեան ընկալումը մօտեցնել սովորական մարդուն, առօրեայ, սովորական կեանքին:

Պէտք է հասկանալ, որ հերոս կարելի է լինել աշխատանքի, կրթութեան, ստեղծագործութեան մէջ, ամէնօրեայ վարքով ու գործելակերպով: Առօրեայի մէջ հերոսանալու այլ բանաձեւեր պէտք է ունենալ, օրինակ՝ շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը, բարեվարքութիւնը, ուրիշներին իրօք անշահախնդիր օգնելը, միջավայրը աղբից զուրկ պահելը, սեփական տունը միջավայրի աչքի համար հաճելի դարձնելը եւ այլն. հազարաւոր դէպքեր կարելի է նշել: Բայց սրա խորքային նպատակն ու իմաստը հերոսութեան առօրեականացումն է եւ առօրեայի հերոսականացումը, որ հերոսութիւնը դառնայ հանրամատչելի, հասանելի իւրաքանչիւրին, որ հերոսութիւնը լինի համատեղելի կեանքի հետ:

Իսկ ու՞ր մնաց հայրենիքի՝ պետութեան պաշտպանութիւնը: Ուժեղացաւ. որովհետեւ երբ հերոսականութիւնը ոչ թէ ուրիշ, առանձնայատուկ մարդկանցն է, այլ բոլորինս՝ բանակից փախնելը կը լինի ամօթ եւ ոչ թէ մի լուռ բայց տարածուած «լեգիտիմութեամբ» պարուրուած՝ թէ բա «մենք հո հերո՞ս չենք. հերոսներն առանձնայատուկ մարդիկ են, որոնք Եռաբլուրում են: Ես Եռաբլուրում չեմ, ինձնից ի՞նչ հերոս: Դրա համար խնդրում եմ ինձ ու իմ զաւակներին զրկէք ՀՀ քաղաքացիութիւնից, որ բանակ չգնանք. ես ու՞ր, հերոսութիւնն ուր»: Ոչ, հերոսը ուրիշը չէ, հերոսը դու՛ ես, ու ես ու դու պէտք է հերոսանանք կրթութեան, աշխատանքի, օրինապահութեան, ապրելակերպի, գործելակերպի մէջ: Յոյս ունենք հայրենիքի համար զոհուելու կարիք չի լինի, բայց եթէ լինի, այո՛, պիտի նաեւ զոհուենք հայրենիքի համար ու երբ ապրելու մէջ արդէն հերոսացել ենք, չենք մտածի, թէ հերոսը ես չեմ, հերոսութիւնը հեռու է, ուրիշի եւ ոչ թէ իմ անելիքն է:

Ու այս պարագայում իմ/քո զոհուելու պատրաստակամութիւնը կը լինի ոչ թէ հերոսանալու, այլ իմ/քո ապրած հերոսութիւնը պաշտպանելու համար ու այս փաստի բերումով պաշտպանելը կը լինի խորը գիտակցութիւն, պաշտպանութիւնը կը լինի աւելի արդիւնաւէտ, որովհետեւ չի լինի քիչ հերոսների ուսերին դրուած անտանելի բեռ: Ու երբ խաղաղ կեանքում հերոսացած կը լինես/կը լինեմ/կը լինենք, խաղաղութիւնը պաշտպանելը կը նոյնականացնես հայրենիքդ՝ պետութիւնդ պաշտպանելու հետ եւ ոչ թէ հերոսանալու միակ տարբերակը կը լինի պատերազմելն ու զոհուելը, այն ընկալմամբ, թէ խաղաղութեան ու ապրելու մէջ ոչ մի հերոսական բան չկայ: Խաղաղութեան ու ապրելու մէջ կան հերոսական բազմաթիւ բաներ ու դա նախ պէտք է իմանալ ապա եւ պէտք է իրագործել: Սա է հերոսութիւնը առօրեականացնելու եւ առօրեան հերոսականացնելու իմ թեզը»,- գրած է ան: