image

Հայրենի Մտաւորականը Բաց Նամակ Յղած Է Արամ Ա. Վեհափառին

Հայրենի Մտաւորականը  Բաց Նամակ Յղած Է  Արամ  Ա.  Վեհափառին

 Հայաստան- Հայրենի մտաւորական Լեւոն Մութաֆեան  բաց նամակ մը յղած է  Մեծի Տանն Կիլիիոյ կաթողիկոսին կապուած ՝Կիւմրի քաղաքի անմխիթար վիճակին: Մութաֆեան     քաղաքին մասին  պատմական կարճ    մուտք մը ընելէ ետք անդրադարձած է քաղաքի այսօրուան ծանր իրավիճակին  յոյս  յայտնելով, որ Տանն  Կիլիկիոյ գահակալ   հայրապետը   կարեւոր ճիգեր կ'իրականացնէ  Գիւմրիի  վերածաղկման համար: Ստորեւ  մեր ընթերցողներու  ուշադրութեան  կը յայնձնենք  Լեւոն Մութաֆեանի բաց նամակէն   հատուած մը : Մութաֆեան կը գրէ ՝  «Վեհափառ Տեր, Գյումրին իր վրայ կրեց 1988-ի ազգավեր երկրաշարժի ամենացավագին հարվածները, խորտակվեց քաղաքը, ավերվեցին գործարաններ, բնակելի տներ, կրթարաններ: Բայց կանգուն մնաց Յոթ Վերքը, որի շուրջ էլ համախմբվեցին գյումրեցիները: 25 հազարից ավելի մարդկային կորուստ ունեցած քաղաքը տնքաց ցավից, բայց հասկացավ, որ պիտի ապրել ու արարել: Մոտ 140 հազար գյումրեցի հավաքվեց վիրավոր երկնքի տակ ու շարունակեց ապրեցնել քաղաքը: Սակայն վերջին երկու տասնամյակի ընթացքում Գյումրին վերածվում է չգոյության հանգրվանի: Ամեն շաբաթ ավելանում է թիվը Գյումրին լքողների, որովհետև ապիկար մարդիկ կամեցան այն չգոյության ու անպտղության ավազանի վերածել, իշխանությունների անտարբեր վերաբերմունքը դարձավ գերեզմանափոր այս քաղաքի համար: Բազում նախաձեռնություններ են հղացվել, բազում ծրագրեր են գրվել, սակայն այդ ամենի առջև շրխկալով փակվել են անտարբերության և չարակամության դռները: Եվ հիմա մեր աչքի առջև մեռնում է Գյումրին: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան 230 հազար բնակիչ ունեցող քաղաքում այսօր ապրողների թիվը մոտ 50 հազար է…  Դուք եք այն մեծագույն Հայը, որին դիմում եմ հավատով և վստահությամբ: Դուք ունեք միջազգային բարձր վարկ և համարում,, հայության բոլոր հատվածները սիրով լսում են Ձեզ, հավատում Ձեզ: Հետևաբար, թախանձագին խնդրում եմ Ձեզ, օգտագործելով Ձեր բարձր հեղինակությունը՝ կոչ հնչեցրեք աշխարհի հայությանը՝ փրկել Հայաստանի մարգարիտը, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Արմեն Տիգրանյանի, աշուղ Շերամի, հայ արհեստավարժ թատրոնի և օպերային արվեստի առաջին հանգրվանի, ազգային ճարտարապետության գոհարներ պարունակող Գյումրին: Բարեգործություններ և նվիրատվություններ պետք չեն քաղաքին, ողորմություններ պետք չեն: Հարկավոր է բարի կամք՝ զբաղվելու վերաշինությամբ, այս քաղաքում ընկերային նշանակության ձեռնարկությունների հիմնադրմամբ, գործատեղիների կառուցմամբ: Ցանկացած ոք, ով կհամաձայնի այստեղ գործարարությամբ զբաղվել, հավատացեք, կարճ ժամանակում կհարստանա, որովհետև այստեղ բոլոր նախադրյալները կան արդյունաբերության, տնտեսության, զբոսաշրջության զարգացման համար: Գյումրին կարող է ապաստանել, աշխատանք տալ մեր սիրիահայ եղբայրներին, մեր իրաքահայ եղբայրներին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բարեկեցիկ կյանքով ապրել:ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ, Հավատով և Հույսով եմ Դիմում Ձեզ: Գիտեմ, որ կարձագանքեք բոլորիս խնդրանքին»: