AMAA-ի Նոր Նորքի 7-րդ զանգվածում գործող «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնը համայնքին 13 տարի ծառայելուց հետո տեղափոխվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող AMAA-ի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան կրթահամալիր։
Այս տեղափոխությունը պայմանավորված է կենտրոնի ներկայիս՝ պետության սեփականությունը հանդիսացող տարածքը հանձնելու եւ հարցի երկարաժամկետ լուծման անհրաժեշտությամբ։
«Շող» կենտրոնը գործել է Նոր Նորքում 2012 թվականից՝ այս ընթացքում մատուցելով բազմաբնույթ ծառայություններ հարյուրավոր դպրոցահասակ երեխաների։ Կենտրոնը համագործակցել է տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների եւ ծնողների հետ՝ ապահովելով համայնքում երեխաների զարգացման համար անվտանգ եւ աջակցող միջավայր։
Ավելի քան մեկ տասնամյակ կենտրոնը դարձել է վստահելի կրթական ու սոցիալական հարթակ՝ նպաստելով երեխաների կրթությանը, անձնային աճին եւ համայնքային ներառմանը։
Նոր մոտեցում՝ դպրոցը որպես համայնքային կենտրոն
Օգտվելով տեղափոխության այս հնարավորությունից՝ համայնքային զարգացման իր ռազմավարական տեսլականի շրջանակում AMAA-ն մեկնարկում է փորձարարական ծրագիր՝ միավորելով իր տարբեր ծառայությունները Ավետիսյան դպրոցի հովանու ներքո։ Դպրոցը վերափոխվում է համայնքային կենտրոնի՝ առաջարկելով համապարփակ աջակցություն կրթության, առողջապահության, մշակույթի եւ սոցիալական զարգացման ոլորտներում՝ նպատակ ունենալով ծառայել ոչ միայն աշակերտներին, այլ նաեւ ողջ համայնքին։
1․ Դպրոցահեն առողջության կենտրոն
Դպրոցահեն առողջության կենտրոնը կտրամադրի առաջնային առողջապահական ծառայություններ՝ ինչպես դպրոցի աշակերտների եւ նրանց ընտանիքների, այնպես էլ շրջակա համայնքի անապահով բնակիչների համար։ Առողջության կենտրոնը նպատակ ունի ապահովել հասանելի եւ որակյալ բուժօգնություն բոլոր շահառուներին։
2․ «Շող» ցերեկային կենտրոն
Տեղափոխված «Շող» կենտրոնը կշարունակի իր գործունեությունը Ավետիսյան կրթահամալիրի տարածքում՝ ծառայելով ինչպես դպրոցի, այնպես էլ շրջակա համայնքի խոցելի երեխաներին եւ նրանց ընտանիքներին։ Կենտրոնը կմատուցի սոցիալ-հոգեբանական աջակցություն, արտ թերապիա, անձնային զարգացման եւ ծնողական հմտությունների զարգացման ծառայություններ, ինչպես նաեւ ապահովված ժամանցային միջավայր։
Նոր մոդելի տարածման հեռանկարները
Այս փորձարարական ծրագիրը ոչ միայն ընդլայնում է Ավետիսյան դպրոցի հնարավորությունները, այլեւ ամրապնդում է AMAA-ի ռազմավարական հեռանկարը՝ ապագայում Հայաստանի այլ մարզերում ստեղծելու նույն մոդելի դպրոցներ, որոնք կծառայեն որպես բազմաշերտ համայնքային կենտրոններ։