Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
Վարչապետը՝ ողջունելով ներկաներին, արձանագրել է, որ վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են նկատվում. 2025 թվականին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդիկ վերադառնում են ՀՀ, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ անում և փորձում են իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։
Վարչապետը նշել է, որ այդ գործընթացի տրամաբանության մեջ է մտնում «իԳործ» ծրագիրը և հույս հայտնել, որ այն վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա։
«Ես հիմա համոզված եմ, որ ներգաղթի պրոցեսը ինստիտուցիոնալ է լինելու, որովհետև այսօր Հայաստանը կառավարվում է այն տրամաբանությամբ և գաղափարաբանությամբ, որը ոչ թե էլիտաների կողմից պարտադրվել է ժողովրդին, այլ ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին։ Եվ հետևաբար, կարծում եմ, որ սա նոր իրադրություն է մեր պատմության մեջ, որը մեր պետության առաջ անսահման հորիզոններ է բացում»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով բացված հորիզոնով առաջ շարժվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հայրենադարձության այս արժեքավոր գործընթացները պատահական չեն. «Հույս ունեմ, որ մենք նաև, այդ թվում՝ Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների վերաֆորմատավորմամբ, կկարողանանք այս տրամաբանությունը զարգացնել և Հայաստանն իսկապես դարձնել մի պետություն, որը զարգանում է և որի բնակչությունն աճում է առաջին հերթին հայրենադարձության և, իհարկե, նաև ժողովրդագրության ռազմավարության իրականացման շնորհիվ։ Այստեղ շատ մեծ դեր ունի մարդկային այն ներուժը, որը ներգրավված է լինելու այդ պլանի և ռազմավարությունն իրականացնելու գործում։ «իԳործ» ծրագիրն այդ ներուժին հանդիպելու, այդ մարդկանց հետ հանդիպելու մի համակարգ է, որը, հույս ունեմ, ժամանակի ընթացքում գնալով ավելի ու ավելի արդյունավետ կդառնա»։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ծրագրի 6-րդ փուլի մասնակիցներին հյուրընկալելու համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ նախորդ հինգ տարիների մասնակիցների 68-70%-ը մնացել է Հայաստանում, նրանցից 15%-ը շարունակում է պետական համակարգում աշխատել։
Ծրագրի մասնակիցների թիվը 45 է։ Նրանք ժամանել են Շվեդիայից, Իսպանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Նորվեգիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Հորդանանից, Բելառուսից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իրանից և Ավստրիայից։
