Մէկ տարի առաջ այս կոչով դիմեցի բոլորին, նոյնը կ'ընեմ այսօր եւ շատ ուրախ կ'ըլլամ, որ այս տարի աւելի շատ մարդ միանայ կոչիս։ Մենք աշխարհին պէտք է ապացուցենք, որ Արցախը իրական է եւ այն պարտաւոր ենք վերականգնել։ Քաղաքագէտ Թեւան Պօղոսեան նման թեմայով գրառում ըրած է դիմատետրեան իր էջին:
«Սեպեմբերի 2
Մի գաղափար ունեմ, աւելի ճիշդ՝ կոչ: Երբ որեւէ երկիր տօնում է իր անկախութեան տօնը ՀՀ-ում, այն իր դեսպանատանն ընդունելութիւն է կազմակերպում: Այդպէս է ինչպէս ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Ռուսաստանի, այնպէս էլ այլոց պարագայում:
Հայերը սեպտեմբերի 2-ին միշտ կարողացել են մեկնել Արցախի Հանրապետութիւն եւ այնտեղ նշել ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ տօնը: Այս տարի դրա յոյսը մեծ չէ, եթէ չասեմ, ընդհանրապէս չկայ: Բայց ՀՀ-ում կայ Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութիւն: Կոչս հետեւեալն է. եկէք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութիւն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտայայտելու համար: Վստահ եմ, մեզ որեւէ մէկի հրաւէրը պէտք չէ, կարող ենք պարզապէս ինչ-որ յարմար ժամի այցելել ներկայացուցչութիւն եւ այնտեղ մի քանի րոպէ անցկացնելով՝ յայտնել մեր աջակցութիւնը: Կարող էք նկարուել, ինչ-որ բան գրել, ասել, զրուցել: Վստահ եմ, որ ամբողջ աշխատակազմն այնտեղ է լինելու: Այնտեղ է լինելու նաեւ Արցախի Հանրապետութեան Նախագահը, ԱԺ պատգամաւորները եւ այլ գործող պաշտօնեաները: Մամուլը նոյնպէս այնտեղ պիտի լինի, քանի որ տեղին կը լինէր աշխարհին ցոյց տալ, որ հայերի համար Արցախը կայ եւ կը լինի: Վստահ եմ, որ եթէ բոլոր այցելուները սոցիալական ցանցերում մի նկար տեղադրեն իրենց այցի մասին, ինչ-որ բան գրեն դրա մասին, սա նոյնպէս համաշխարհային տարածում կը ստանայ սեպտեմբերի 2-ին, եւ գոնէ այսպէս կը բարձաձայնենք մեր արցախեան եղբայրների եւ քոյրերի ցաւը: Եկէք սեպտեմբերի 2-ին գտնենք այդ մի քանի րոպէն եւ այցելենք Արցախ:
Այցելէք խմբերով, մենակ, անկախ ամէն ինչից: Արցախը միշտ է իմացել ինչպէս միաւորել, եւ վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կը միաւորի:
Արցախը մեր բոլորի կարիքն ունի:
Յուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարաւոր հայերի հոսք կը լինի դէպի Արցախի Հանրապետութեան Ներկայացուցչութիւն (ք. Երեւան, Նաիրի Զարեան 17 ա/2)»,-գրած է ան: