ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Արևելքի» խնդրանքով մեկնաբանեց վերջին օրերին Հալեպում իրավիճակի սրման հետ կապված սիրիահայերի տեղահանության հարցը, որը տարբեր շրջանակներում հաճախ է քննարկվում: Նա ասաց, որ դեմ է զանգվածային տեղահանությանը, քանի որ վստահ չէ, թե այնտեղ ապրող մարդիկ համաձայն են դրան. «Անիրատեսական է մարդկանց բոլորին բռնի տեղից հանել և բերել Հայաստան, բայց եթե խոսքը վերաբերվում է նրանց, ովքեր ուզում են դուրս գալ, օգնել այդ մարդկանց, դա ուրիշ հարց է, այսքան մարդ է եկել, չե՞ն օգնել»:
Մեր այն դիտարկմանը, որ սիրիահայերը չեն ուզում գալ, որովհետև Հայաստանից այդ հարցով շահագրգռվածություն չեն տեսնում, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Բարդ հարցեր են, որովհետև Հայաստանի հանրապետությունում արդեն ապրողները պահելու խնդիր կա: Եթե պիտի գան և վրանների տակ ապրեն, չեմ կարծում, որ մեկը դեմ լինի, բայց եթե սպասում են, որ գան կենտրոնում տուն ստանան՝ այդպիսի հնարավորություններ չկան: Կան կազմակերպություններ, որոնք աջակցում են նրանց, հարմար վարձերով տուն են տրամադրում, բայց իրենք էլ պիտի չսպասեն, որ այդ տները անպայման կենտրոնում լինեն: Կան այդպիսի մտայնություններ»:
Ըստ Կիրո Մանոյանի, չնայած վտանգին, սիրիահայերը գերադասում են մնալ Հալեպում, տեր կանգնել իրենց ունեցվածքին: Մեր այն դիտարկմանը, որ այդ դեպքում էլ ավելի վատ իրավիճակի առջև են կանգնում՝ վճարելով մարդկային կյանքի գնով, նա պատասխանեց. «Իրենց որոշելու հարցն է, հարց է, որ իրենք պիտի որոշեն: Ռմբակոծություն է լինում, հանկարծ հիշում են, որ կարելի է Հայաստան գալ, մարդ գիտեմ, այստեղ էր, ռմբակոծությունից երեք օր առաջ գնաց այնտեղ»:
ՀՅԴ քաղաքական գործչի խոսքերով, «սիրիահայ գաղութում այսօր սոված մարդ չկա, տեղում օգնություններ բաժանվում են»:
Մեր այն հարցին, թե սիրիահայության ներկա իրավիճակի հետ կապված, կուսակցությունը չի՞ պատրաստվում հայտարարություն անել և գոնե մտահոգություն հայտնել, նա պատասխանեց. «Այնպես եք ներկայացնում, կարծեք հակահայ արարք է տեղի ունեցել: Բազմաթիվ տեղերում ռմբակոծում է եղել, ներառյալ հայկական տարածքներում: Այո, ընդհանուր ռմբակոծումից հայեր են տուժել, բայց դա չի նշանակում, որ կուսակցությունը հայտարարություն պիտի անի: Հայտարարություն անել և ասել՝ ի՞նչ: Մտահոգություն հայտնելով հարց չի լուծվելու»:
Ի՞նչ կլինի սիրիահայ գաղութի ապագան հարցին Կիրո Մանոյանը պատասխանեց. «Եթե Սիրիայի ապագան հստակ լինի, գաղութի ապագայի մասին էլ կարելի է պատկերացում տալ: Բայց քանի դեռ Սիրիայի ապագան հստակ չէ, սիրիահայ գաղութի ապագային մասին բան չենք կարող ասել»: